«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ գունավորվել է Իջեւանի թիվ 1 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկը:«Ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակն աշակերտների մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն: Այս դասասենյակում դեռ մեկ ամիս առաջ միայն փայտյա աթոռներ, գրատախտակ ու մի հին պահարան էր: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ու «Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» գունավորել են դպրոցի դասասենյակներից մեկը: Դպրոցում սովորող երեխաներն արդեն սկսել են կարդալ Ֆրանսիայից բերված գունավոր գրքերը: Մինչեւ տարեվերջ այստեղ սովորող բոլոր երեխաները կկարողանան ֆրանսերեն կարդալ»,- ասված է հաղորդագրությունում: «Երեխաները մեծ ոգեւորությամբ ուսումնասիրում են գրքերը, որոնք Ֆրանսիայից են բերվել: Անհրաժեշտ բոլոր տեխնիկան այժմ իրենք ունեն. համակարգիչ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, ինչը, բնականաբար, ավելի՛ արդյունավետ, ավելի՛ հետաքրքիր կդարձնի այստեղ անցկացվող դասաժամերը: Այս դպրոցում շուրջ 500 աշակերտ է սովորում եւ նրանք ֆրանսերեն լեզուն անցնում են 2-րդ դասարանից, իսկ անգլերենը՝ 5-րդ դասարանից: Այստեղ ֆրանսերենն առաջնային է»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:«Երկու հիմնադրամներն ունեն նույն գաղափարախոսությունը: Սա բնագավառ է, որտեղ իրոք կարիքը կա ներդրում անելու: Երեխաների էնտուզիազմն ինձ ոգեւորում է ու ավելի մեծ է դարձնում ցանկությունը, որ ծրագիրը շարունակական լինի»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015-ին՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի եւ Գիշյան ընտանիքի կողմից: Tweet Դիտում՝ 1724