10 հակափաստարկ վարչապետի ներկայացրած փաստերին
18.09.2019 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ՏԶՆԿ տրամադրած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
1. Փաստ 1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս...
Հակափաստարկ. ՀՆԱ-ի իրական աճի տեմպը ՀՀ ՎԿ-ի կողմից հաշվարկվում եւ հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ուստի 6.8%-ը վերաբերում է ՏԱՑ-ին եւ ոչ մի կերպ ՀՆԱ-ին:
2. Փաստ 2. 2019թ.-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր:
Հակափաստարկ. 2019թ.-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) արձանագրել են 24.5% աճ՝ կամ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել շուրջ 141 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, իսկ 152 միլիարդը կամ 25.1% աճը վերաբերում է պետական բյուջեի եկամուտներին, այլ ոչ թե հարկերի եւ տուրքերի մեծությանը:
3. Փաստ 9. 2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ:
-Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով աճել են:
Հակափաստարկ. Համաձայն ՀՀ ՎԿ տվյալների՝ 2019թ.-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3% աճ: Ի թիվս ըստ առանձին երկրների վիճակագրական թվերի որոշ անհամապատասխանությունների, ուշագրավ է նշել, որ համաձայն հյուրանոցային տնտեսություններում հաշվառված զբոսաշրջիկների՝ Միացյալ Թագավորությունից այցելող զբոսաշրջիկները շուրջ 66.5%-ով նվազել են:
4. Փաստ 12. 2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ ... Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, ...
Հակափաստարկ. Արտահանման ծավալների աճ արձանագրած ապրանքատեսակներից ոսկերչական իրերի դեպքում աճը եղել է 18.4%:
5. Փաստ 13. 2019թ.-ի առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետեւյալ փոփոխությունները. Ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, Կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004.5 հեկտարով, Հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, Սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:
Հակափաստարկ. Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս իրականացվող փոփոխությունների արդյունավետությունը, քանի որ 2019թ.-ի առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտը 7.4% անկում է գրանցել:
6. Փաստ 14. 2019թ. հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով:
Հակափաստարկ. Ըստ ՀՀ ԿԲ-ի տրամադրված տվյալների միայն բանկային համակարգով տրամադրված հիփոթեքային վարկերը դիտարկվող ժամանակահատվածում աճել են 275%-ով:
7. Փաստ 16. 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:
Հակափաստարկ. Դիտարկվող ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի նվազումը պայմանավորված է ոչ թե արդյունավետ կառավարմամբ, այլ հիմնականում ԱՄՆ դոլարի նկատմամբ ազատ փոխարկելի տարադրամի եւ եվրոյի արժեզրկմամբ:
8. Փաստ 19. Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։
Հակափաստարկ. Խոսքը ոչ թե հուլիսին 12-ամսյա գնաճի ցուցանիշին է վերաբերում, այլ 2019թ.-ի հուլիսը 2018թ. հուլիսի նկատմամբ, երբ գնաճը կազմել է 1.7%: Ընդ որում՝ դիտարկվող ժամանակահատվածում որոշ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները կտրուկ աճել են. կարտոֆիլի գինն աճել է 75.4%-ով, ձվի գինը՝ 38.9%, թռչնամսի գինն աճել է 13.6%-ով, բանջարեղենինը՝ 11.7%, մակարոնեղենի գինը՝ 8.4% եւ այլն:
9. Փաստ 53. Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազարին:
Հակափաստարկ. Չենք կարող արձանագրված փաստ համարել նվազագույն աշխատավարձի շեմում հենց 68.000 դրամի հաստատումը, քանի որ այդ հարցի շուրջ դեռ խորհրդարանական լսումներ չեն եղել:
10. Վարչապետի կողմից ներկայացված ցանկում առկա են տնտեսական բլոկին վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնց արժանահավատությունը հնարավոր չէ ստուգել՝ տվյալների անհասանելիության պատճառով»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: