EasyPay ընկերության եւ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի համատեղ բարեգործական ծրագրի արդյունքում EasyPay տերմինալների միջոցով հաջողվել է հավաքել ավելի քան 2 մլն 420 հազ. դրամ։ EasyPay-ում նշել են, որ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է Արյունաբանական կենտրոնին՝ արյան հիվանդություններ ունեցող հիվանդների բուժման ծախսերը մեղմելու կամ կոմպենսացնելու նպատակով։Ինչպես հայտնել է Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, այս ճանապարհին երկար փնտրտուքներ են ունեցել։ «Երեխաների կողքին միշտ կանգնած են տարբեր բարեգործական հիմնադրամներ եւ կազմակերպություններ, իսկ 25 տարեկանից բարձր հիվանդների համար ելք ենք փնտրել երկար տարիներ: Ինձ համար պատիվ է հանդիպել հայ բիզնեսմեններին, որոնք մտածում են ոչ միայն իրանց շահերի, այլ նաեւ քաղաքացիների խոցելի խմբի խնդիրների մասին»,- ասել է Սամվել Դանիելյանը։ Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ Արյունաբանական կենտրոնում բուժում անցած եւ կատարյալ առողջացած ավելի քան 1200 երեխաներ կան, եւ հույս հայտնել, որ այս նախագծի շնորհիվ առողջացած մեծահասակների թիվն էլ զգալիորեն կաճի։EasyPay ընկերության տնօրեն Մհեր Առաքելյանի խոսքով՝ նախագծին մասնակցել է արդեն ավելի քան 120 000 մարդ եւ այդ թիվը գնալով աճում է։ «Երեւի շատ քիչ ընտանիք կա, որը չի բախվել այս հիվանդության հետ կապված դժվարությունների, երբ քո հարազատը կամ դու հայտնվում ես մի իրավիճակում, որտեղից կարծես ելք չկա թե ֆինանսապես, թե հոգեպես։ Ու մենք պարտավոր ենք կանգնել այդ մարդկանց կողքին՝ ինչը եւ արեցինք մենք եւ մեր հաճախորդները այս նախագծով»,- ասել է Մհեր Առաքելյանը։ EasyPay ընկերության Բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխտնօրեն Սուրեն Ոսկանյանն էլ շնորհակալություն է հայտնել նախագծին մասնակցած քաղաքացիներին եւ նշել, որ EasyPay-ի հաճախորդների կամքի շնորհիվ են գոյանում այդ գումարները։ «EasyPay-ն այստեղ հանդիսանում է խողովակ քաղաքացիների եւ Արյունաբանական կենտրոնի միջեւ։ Սա այն ճիշտ բիզնես մոդելն է, որը թույլ է տալիս չնչին գումարներով ապահովել մեծ ծավալ»,- նշել է Սուրեն Ոսկանյանը։«Այս նախագիծը մեզ շատ ոգեւորեց, սա մի փոքրիկ թեստ էր հայ ազգի համար, եւ ես հիացած ու երախտապարտ եմ իմ ժողովրդին նվիրատվություններում ակտիվ մասնակցության համար»,- ասել է Մեծահասակների արյունաբանական եւ քիմիաթերապիայի կլինիկադիսպանսերային բաժանմունքի վարիչ Մարինա Մելիք-Անդրեասյանը։Հուլիսի 1-ին EasyPay ընկերության եւ Արյունաբանական կենտրոնի միջեւ ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր։Այս հուշագրի շրջանակում EasyPay-ի ավելի քան 1500 տերմինալներում hեռախոսահամարի հաշիվը համալրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռվել կատարել նվիրատվություն: Տերմինալի էկրանին դուք տեսնում եք Կենտրոնի անունը, նվիրատվություն անելու հրավերը, գումարի երեք տարբերակները (10, 20 եւ 30 դրամ) եւ չմասնակցելու հնարավորությունը «Բաց թողնել» կոճակի տեսքով։Նվիրատվության կոճակը ընտրելուց հետո հաճախորդը ստանում է երկու կտրոն. առաջինը hեռախոսահամարի հաշիվը համալրելու մասին ու երկրորդը՝ Արյունաբանական կենտրոն փոխանցման մասին։ Tweet Դիտում՝ 12221