Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ կրկնակի հարկումը կբացառվի

04.07.2019 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սինգապուր #Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանի  եւ Սինգապուրի միջեւ կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր։

Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016-ից նախաձեռնել է Սինգապուրի հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը:

Նրա խոսքով՝ ստեղծվում են նաեւ անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին եւ արտահանմանը նպաստելու համար:

Համաձայնագիրը կստորագրվի հուլիսի 7-9-ը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:  

Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:  
Դիտում՝ 2817

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW