ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետք է քայլեր ձեռնարկել տեղական ավիափոխադրողների «ի հայտ գալու համար»։«Օդային փոխադրումները Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ մեր երկիրը, ցավոք, իր գոյության եւ անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է»,- ասել է վարչապետը Երեւանում կայացած «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ղեկավարության գագաթաժողովում։Նիկոլ Փաշինյանը կարեւորել է, որ հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկվի Գյումրիի օդանավակայանը, որն էլ կնպաստի ավիատոմսերի գների նվազմանը եւ տուրիզմի զարգացմանը։ «Ցավոք, Հայաստանում տեղական ավիափոխադրողների գործունեությունը եւ ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը եւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ Հայաստանում կատարված եւ կատարվելիք ներդրումները:«Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետեւ շատ լավ նորություն է, որ օդանավակայանը, ըստ էության, հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին:Ֆինանսական ներդրումները չափազանց կարեւոր են մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարեւոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստան եւ դեռ կշարունակի բերել»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1416