Սեյրան Սարգսյան. Քարտերով գործարքների ծավալն ավելացել է 22,6%-ով

16.04.2019 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սեյրան Սարգսյան #Հայաստանի բանկերի միություն
Վճարային քարտերով գործառնությունները շարունակում են մնալ հանրային կարեւորություն եւ հետաքրքրություն ունեցող ոլորտ: Այս ուղղությամբ որոշ ցուցանիշներ ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միությունը հարցազրույց է հրապարակել միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հետ:

- Պարոն Սարգսյան, եթե փորձենք անդրադարձ կատարել ՀՀ առեւտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտերով գործարքների դինամիկային, ապա ի՞նչ պատկեր կձեւավորվի:

- Կարող ենք փաստել, որ մեր բնակչության մոտ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը այս վճարման միջոցների հանդեպ:

Մասնավորապես, վերջին մեկ տարվա կտրվածքով վճարային քարտերի քանակը ավելացել է 18%-ով ու այդ ավելացումը տեղի է ունեցել ՀՀ-ում թողարկվող բոլոր վճարային համակարգերի քարտերի մասով, եւ վերջիններիս քանակը կազմել է շուրջ 2 մլն 24 հազար հատ: Բոլոր քարտերով միասին իրականացվել է ավելի քան 48,1 մլն գործարք, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է շուրջ 32,8%-ով:

Քարտերով իրականացված գործարքների ծավալը կազմել է ավելի քան 1,9 տրլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 22,6%-ով:


- Ինչպիսի՞ զարգացումներ են նկատվում անկանխիկ գործարքների ասպարեզում: Մի փոքր մանրամասնենք նաեւ այս հատվածի վիճակագրությունը:

- Վճարային քարտերի գործածության ծավալների աճի հետ միասին, թեկուզ դանդաղ տեմպով, սակայն նկատվել է անկանխիկ գործարքների քանակի եւ ծավալի աճ՝ ի հաշիվ կանխիկ գործարքների:

Անկանխիկ գործարքների քանակի բաժնեմասը կազմել է 37%՝ նախկին 30%-ի փոխարեն, իսկ ծավալի առումով՝ կազմել է 20%՝ նախկին 17%-ի փոխարեն: Կարծում եմ՝ մենք պետք է ավելի մեծ ջանքեր ներդնենք, որպեսզի անկանխիկի եւ կանխիկի համամասնությունները փոխվեն:


- Ամեն դեպքում անկանխիկ գործարքների աճն ավելին է, քան նախորդ տարիներին, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Անկանխիկ գործարքների այս առաջընթացիկ աճը կարող է պայմանավորված լինել ինչպես քարտերը որպես վճարման միջոց ընդունող առեւտրային կետերի քանակի աճով, որը անցած տարվա կտրվածքով ավելացել է 20,4%-ով, այնպես էլ հաճախորդների կողմից քարտերի օգտագործման առավելությունների գիտակցմամբ եւ չեմ բացառում նաեւ՝ ստվերի կրճատման հետեւանքով:
Անկանխիկ գործարքների  ծավալի ավելացման պայմաններում նկատվել է նաեւ, որ քարտերով կատարված մեկ գործարքի միջին ծավալը նվազել է՝ կազմելով 22 000 դրամ, ինչը խոսում է այն մասին, որ մեր հաճախորդներն ավելի հաճախ սկսել են վճարել նաեւ փոքրիկ գնումների ժամանակ:

Կանխիկ գործարքների մասով մեկ գործարքի միջին ծավալը եւս նվազել է մինչեւ 51 000 դրամ, ինչը նշանակում է, որ հաճախորդները չեն շտապում անմիջապես կանխիկացնել քարտային հաշվին եղած ամբողջ գումարը, այլ թողնում են հետագա անկանխիկ գործարքներ կատարելու համար:

- Քարտերով գործարքների մասին խոսելիս չենք կարող շրջանցել ինտերնետ միջավայրը: Ինչպիսի՞ միտումներ կան  այս միջավայրում գործարքներ իրականացնելու ասպարեզում:

- Քարտերով ինտերնետ միջավայրում կատարված գործարքների կտրուկ աճ է արձանագրվել. քանակային՝ 75,4%-ով, իսկ ծավալային առումով՝ 73%-ով: Աճի այս տեմպերը դեռ երկար կպահպանվեն՝ հաշվի առնելով ինտերնետ միջավայրում գործարքների աճի միջազգային միտումները:

Դիտում՝ 2761
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW