Ամերիաբանկն առաջինը Հայաստանում միացել է SWIFT gpi համակարգին

29.03.2019 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #SWIFT gpi
Ամերիաբանկը տեղեկացնում է, որ առաջինը Հայաստանում SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է SWIFT global payment innovation (gpi) հարթակի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս իրականացնել միջազգային փոխանցումներ՝ որակական նոր հատկանիշներով:

«SWIFT gpi համակարգի շնորհիվ բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան հետեւել մուտքային ու ելքային փոխանցումների ընթացքին, ինչպես նաեւ ստանալ հստակ տեղեկություն վերջնական շահառուի հաշվին գումարի մուտքագրման օրվա եւ չափի վերաբերյալ՝ առանց հավելյալ հարցումներ կատարելու:

SWIFT gpi համակարգը ներառում է նաեւ միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը եւ փոխանցման մերժումն ու հետ ուղարկումը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկի հաճախորդները փոխանցման ընթացքի մասին կկարողանան ամբողջական եւ մանրամասն տեղեկություններ ստանալ 24/7 ռեժիմով՝ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն, կամ աշխատանքային ժամերին այցելելով Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:

«Ուրախ ենք SWIFT gpi համակարգն առաջինը Հայաստանում ներդնելու եւ մեր հաճախորդներին աննախադեպ ծառայություններ մատուցելու համար: Ամերիաբանկը ոչ միայն ստեղծել է հարթակ իր կորպորատիվ եւ մանրածախ հաճախորդների համար, այլ նաեւ կարող է ստանձնել միջնորդի դեր տարածաշրջանի մակարդակով: Ունենալով միջազգային փոխանցումների լայն աշխարհագրություն՝ SWIFT gpi-ն այսուհետ հնարավորություն կտա մեզ եւ մեր հաճախորդներին իրական ժամանակահատվածում հետեւել կատարված փոխանցումներին: Մենք բարձր ենք գնահատում SWIFT gpi-ի կարեւորությունը: Այն հնարավորություն է տալիս նվազեցնել վճարումների հետ կապված հարցումները, օպտիմալացնել դրանց ուսումնասիրության գործընթացը, հետեւել սպասվող մուտքային փոխանցումների ընթացքին եւ բարելավել բանկի իրացվելիության կառավարումը: Կարծում եմ, որ նոր մշակվող SWIFT gpi պրոդուկտներն (gCASE Resolution, Payment Pre-Validation) էլ ավելի արդյունավետ կլինեն եւ կնպաստեն Բանկի սպասարկման որակի կատարելագործմանը»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Ուրախ ենք, որ Ամերիաբանկն արդեն միացել է gpi ցանցին: Տպավորված ենք, որ անդամագրման գործընթացը շատ արագ եւ արդյունավետ կազմակերպվեց՝ ընդամենը 4 ամսում: Սա իր հերթին վկայում է այն մասին, որ gpi ցանցի ներդնումը կարելի է արագ կազմակերպել: Այն հավասարապես արդյունավետ է ցանկացած չափ եւ ռեսուրս ունեցող բանկի համար: Ես խրախուսում եմ Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս բանկերին նույնպես միանալ մեր ցանցին: Որքան շատ բանկեր անդամակցեն gpi ցանցին, այն կդառնա այնքան ավելի ուժեղ եւ շահավետ»,- նշել է SWIFT-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մեթյու դե Հերինգը:

Բանկում ընդգծել են, որ «gpi ցանցին արագ եւ արդյունավետ անդամագրման գործընթացում իր մեծ լուման ունեցավ Ամերիաբանկի գործընկեր «Հայկական ծրագրեր» ընկերությունը»:
Դիտում՝ 4597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW