ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ մանրամասն ուսումնասիրություն են իրականացրել մանրածախ առեւտրի ոլորտում եւ մի քանի կարեւոր խնդիր բացահայտել։ Նա տեղեկացրել է, որ արդյունքում՝ շուրջ 150 տնտեսվարողի զգուշացում է տրվել, որոնցից 7-ը խոշոր առեւտրային ցանցեր են, մնացածը՝ տարբեր ոլորտներում գործող խոշոր մատակարար ընկերություններ։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ խոշոր առեւտրային ցանցեր (սուպերմարկետներ) իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին։ Այսինքն, երբ տեսնում են, որ այլ սուպերմարկետներում տվյալ ապրանքն ավելի էժան է, իրենց մատակարարներին պարտադրում են, որ փոխեն իրենց գնային քաղաքականությունը։ Երբ մատակարարը չի համաձայնվում, խոշոր առեւտրային ցանցերը հրաժարվում են նրանց հետ աշխատել»,- ասել է Արտակ Շաբոյանը։ Նա հայտնել է նաեւ, որ խոշոր առեւտրային ցանցերը երբեմն խտրական եւ տարբերակված մոտեցում են ցուցաբերում իրենց մատակարարների նկատմամբ։ Արտակ Շաբոյանը նշել է, որ դեպքեր են արձանագրել, երբ խոշոր մատակարար ընկերությունները խանութներից պահանջում են անվճար մարկետինգային ծառայություն մատուցել։ ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է նաեւ, որ կան այնպիսի խոշոր ընկերություններ, որոնք միաժամանակ զբաղվում են ներմուծմամբ, արտադրությամբ եւ մանրածախ առեւտրով, ինչը հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության։ «Հանձնաժողովը որոշել է այս անգամ բավարարվել խոշոր տնտեսվարողներին զգուշացում տալով, իսկ հետագայում կրկնվելու դեպքում պատասխանատվության միջոց է կիրառելու»,- նշել է Արտակ Շաբոյանը։ Tweet Դիտում՝ 1988