Նոյեմբեր 27-ին Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է Կառավարման եւ առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը։ Այն իրականացվում է IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից՝ Հայաստանում Բրիտանական դեսպանության եւ Բրիտանական խորհրդի աջակցությամբ: «Միջոցառումը լավ հնարավորություն է մեզ համար ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք տիրապետում են ժամանակակից գիտելիքների ու արդի կառավարման տեխնոլոգիաների, եւ այդպիսով լինել արդյունավետ, մնալ մրցունակ ու նպաստել այն ծրագրերի հաջող կատարմանը, որ իրականացվում են յուրաքանչյուր կազմակերպությունում»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ գործընթացն արժեքավոր է իր շարունակականությամբ։ Տիգրան Խաչատրյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նաեւ հավելել է, որ կառավարման բնագավառում գիտելիքների ձեռքբերումը կնպաստի, որ Հայաստանը բրիտանացի ներդրողների համար ավելի գրավիչ դառնա։ Համաժողովի ընթացքում մի շարք մասնակիցներ, որոնք ավարտել էին IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ բրիտանական Inspired to learn ընկերության նախաձեռնած կառավարիչների վերապատրաստման դասընթացը, ստացել են կառավարման եւ առաջնորդության CMI որակավորում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կազմակերպությունների միջեւ մրցակցությունը մեծանում է, եւ գաղտնիք չէ, որ այժմ ավելի դժվար է դարձել աշխատակիցներին պահելն ու մոտիվացնելը. հին մեթոդներն այլեւս չեն աշխատում։ Այս պատճառով էլ բրիտանական փորձը շատ հետաքրքիր է»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է IAB Բիզնես միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը։ Նա ընդգծել է, որ կառավարման եւ առաջնորդության ամենամյա համաժողովը հարթակ է, որը թույլ է տալիս մասնագետներին փորձի փոխանակում կատարել եւ նոր գիտելիքներ ձեռք բերել։ Արաքսյա Մարտիրոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Բանախոսների ելույթներին հաջորդել են աշխատաժողովները, որոնց ընթացքում դասընթացավարները կիսվել են սեփական փորձով, ներկայացրել պրակտիկ իրավիճակներ եւ առաջարկել ժամանակակից լուծումներ։ Համաժողովին մասնակցում են շուրջ 200 մասնագետներ, միջազգային եւ տեղացի 15 հեղինակավոր փորձագետներ եւ դասընթացավարներ այնպիսի ստեղծարար ոլորտներից, ինչպիսիք են գովազդն ու մարքեթինգը, ճարտարապետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դիզայնը, ֆիլմարտադրությունը, արվեստը եւ այլն։ Գայանե Ենոքյան Tweet Դիտում՝ 2392