Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության կարեւոր եւ բացառիկ արդյունքն է, որովհետեւ իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու եւ բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով եւ իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով եւ պոտենցիալով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հոկտեմբերի 26-ին ելույթ ունենալով «Ներդրումներ եւ առեւտուր» համաժողովում:«Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է եւ շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ եւ մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել եւս վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երեւույթը, երբ որեւէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարեւոր նախապայմանն է, որ դուք ազատ եւ լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը»,- ասել է կառավարության ղեկավարը: «Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի եւ բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը եւ յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք եւ հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու եւ հաջողություններով ոգեշնչելու, ոգեւորելու ուրիշներին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Tweet Դիտում՝ 2099