ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում առանձնակի գնահատականի պետք է արժանանա աշխատանքը, եւ տեղի ունենա աշխատանքի փառաբանում: «Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, եւ սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, եւ մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց եւ ճանապարհ»,- ասել է Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 30-ին՝ թեթեւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ:Այս առումով կառավարության ղեկավարը կարեւորել է նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ վարչապետը նշել է.«Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա եւ առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, եւ մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաեւ արձանագրենք, որ ընդհանուր բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որեւէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի եւ երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհները, օրինակ, կարողանանք նորոգել»: Վարչապետը կարեւորել է նաեւ տեղական արտադրողին աջակցելը:«Պետք է սպառողական մշակույթ ձեւավորել եւ գովազդել տեղական արտադրանքը: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը եւ քաղաքականությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1484