«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր անդրադարձել է ՀՀ Քննչական կոմիտեի՝ «Հարուցվել է քրեական գործ՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ» վերտառությամբ հաղորդագրությանը եւ լրատվամիջոցների կողմից այդ հաղորդագրության տարածմանը:Ընկերությունն իր վրդովմունքն ու տարակուսանքն է արտահայտել «ինչպես Կոմիտեի կողմից վերոնշյալ հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ընկերության անվան շահարկման, այնպես էլ՝ որոշ լրատվամիջոցների կողմից hաղորդագրությունում առկա տեղեկատվության ակնհայտ խեղաթյուրման առնչությամբ»: «Սույնով հայտարարում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն որեւէ առնչություն չունի հարուցված քրեական գործի եւ դրանում ներգրավված անձանց հետ եւ հետամուտ է լինելու ընկերության անունը շահարկող եւ գործարար համբավն արատավորող անձանց՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելուն: Ընկերությունը՝ ինչպես որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը որպես «Լիդիան»-ի դեմ հարուցված քրեական գործ ներկայացնելը, այնպես էլ Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությունում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անունը հիշատակելը դիտարկում է՝ որպես դիտավորություն, եւ ընկերության դեմ ուղղված հակաքարոզչության դրսեւորում: «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը որեւէ տեղեկություն պատկան մարմիններից երբեւէ չի թաքցրել, իսկ ընկերության կառավարման մարմիններում ընդգրկված անձինք վստահ են, որ ընկերությունը հետեւել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բնապահպանական բոլոր պահանջներին: Պահանջում ենք այն լրատվամիջոցներից, որոնք Քննչական կոմիտեի հաղորդագրությունը ներկայացրել են որպես «Լիդիանի» դեմ հարուցված քրեական գործ, հերքել այդ տեղեկատվությունը, քանի որ Քննչական կոմիտեում ընկերության նկատմամբ նման գործ չի հարուցվել: Միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ քննչական մարմինները հետայսու մասնավոր անձանց ենթադրությունների հիման վրա հարուցված քրեական գործերում կխուսափեն անհարկի հիշատակել երկրի խոշորագույն ներդրողի անունը, հաշվի առնելով, որ նման շփոթեցնող հաղորդագրությունները բացասաբար են անդրադառնում միջազգային ներդումային շուկայում ընկերության եւ երկրի վարկանիշի վրա»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 822