Սեւանա լճի հարակից տարածքների վարձակալության պայմանագրերը կվերանայվեն
18.07.2018 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն



«Հատ առ հատ պետք է նայել վարձակալության պայմանագրերը, այնտեղ կան մարդիկ, որոնք մեզ ու ձեզ հայտնի պատճառներով կարողացել են կնքել պայմանագրեր ծիծաղելի գներով, հեկտարների համար կոպեկներ են վճարում: Պետք է գտնել իրավական հիմքը, վերանայել պայմանագրերը, բոլորը հասցնել պատշաճ մակարդակի եւ կիրառել սկզբունք»,- ասել է վարչապետը հուլիսի 17-ին հրավիրված խորհրդակցությանը:
Նա տեղեկացրել է, որ «Ազգային պարկի տնօրենը կտրամադրի բոլոր վարձակալների, այդ թվում՝ այդ տարածքում հայտնված առանձնատների եւ օրենքի ու իրավունքի հետ դրանց հարաբերությունների մասին տեղեկանք»:
«Պետք է հասկանալ նաեւ այդ առանձնատների ճակատագիրը, դրանցից մի մասով, իհարկե, իրավապահները կզբաղվեն, բայց այստեղ հիմնականում վարձավճարների պատշաճ մակարդակի հավաքագրման հարցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ վարչապետն ասել է.
«Այդ տարածքում աղբահանության հարցը մեծագույն խնդիր է ու այնպես չէ, որ դա անլուծելի է: Պարզ է, որ Սեւան համայնքը եւ ազգային պարկն իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու պարագայում այդ խնդիրը կլուծեն: Այսինքն, մարդկանց վիզուալ հանգիստը նույնպես պետք է ապահովել»:
Քննարկմանը կարեւորվել է նաեւ Սեւանա լճի տարածքների գոտիավորումը, մաստեր պլանի մշակումը: Առաջարկվել է տարածքների բարեկարգման առաջին փուլում դիտարկել ճեմուղու կառուցման հնարավորությունը, որն արժանացել է վարչապետի հավանությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: