Հայէկոնոմբանկը 2017-ն ամփոփել է ֆինանսական ցուցանիշների աճով

29.06.2018 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #Արամ Խաչատրյան #Սարիբեկ Սուքիասյան
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2017թ. ֆինանսական ցուցանիշները:

Ինչպես հայտնել են բանկում, արձանագրվել են «մի շարք էական նվաճումներ եւ հիմնական ցուցանիշների զգալի աճ՝ ապահովելով բանկի շարունակական կայուն զարգացումն ու անցումը գործունեության որակապես նոր՝ առավել արդիական փուլին»:

«2017-ն առաջընթացի հերթական տարի էր մեզ համար: Բանկի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն ապահովեցին ծրագրային նպատակները ինչպես ծավալային, այնպես էլ որակական առումով։ Ունեցել ենք բավական տպավորիչ արդյունքներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ բանկը բավարարվելու է ձեռք բերվածով։ Բանկի հետագա զարգացման գործում կարեւորելով միջազգային հեղինակավոր բաժնետիրոջ դերը՝ ներկայում բանակցում ենք խոշորագույն ֆինանսավարկային կազմակերպություններից մեկի հետ, սակայն կնախընտրեի այս պահին չմանրամասնել, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել»,- նշել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:

Անդրադառնալով շահաբաժինների թեմային՝ նա ընդգծել է, որ «այս տարի եւս դրանք կվճարվեն՝ ինչն արդեն բարի ավանդույթ է բանկում»:

Բանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանն էլ ասել է, որ բանկի գործունեության կարեւորագույն գնահատականներից է նախորդ տարվա համեմատ շահույթի ավելի քան 2,5 անգամ կամ 960 մլն դրամով աճը՝ կազմելով 1 550,4 մլն դրամ, որը «կնպաստի բանկի առաջիկա զարգացմանն ու մշակված առաջխաղացման ծրագրերի արդյունավետ իրագործմանը»:

Հաշվետու տարում բանկի ակտիվներն աճել են 30,5%-ով՝ կազմելով 190,8 մլրդ դրամ, հաճախորդներին տրված վարկերը՝ 38,9%-ով` կազմելով 104,2 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 37,3%-ով կամ 24,9 մլրդ դրամով՝ կազմելով 91,7 մլրդ դրամ, ինչի հիմքում, ըստ Արամ Խաչատրյանի, ընկած է բանկի, հաճախորդների եւ գործընկերների միջեւ փոխվստահության եւ փոխշահավետության առողջ հենքի վրա ձեւավորված երկարատեւ կայուն համագործակցությունը:

Բանկի ընդհանուր կապիտալն աճել է 5,3%-ով՝ ներքին աղբյուրի՝ ձեւավորված շահույթի հաշվին:

Արամ Խաչատրյանը նաեւ նշել է, որ հաշվետու տարում բանկում ներդրվել են մի շարք նորամուծություններ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, վերանայվել եւ բարելավվել են բանկի ընթացիկ պրոդուկտները, համալրվել մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաեւ օպտիմիզացվել բանկի տարածաշրջանային ցանցը՝ համալրվելով նոր, տեխնոլոգիապես հագեցած մասնաճյուղերով:

Նրա խոսքով՝ 2017-ին բանկը շարունակել է փոխշահավետ համագործակցությունը միջազգային ֆինանսավարկային կառույցների եւ արտերկրի խոշորագույն առեւտրային բանկերի հետ:

«Մասնավորապես, շարունակվել եւ խորացվել է համագործակցությունը բանկի ավանդական գործընկերների՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Գերմանա-հայկական հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի (վերջինիս կողմից երրորդ տարին անընդմեջ ճանաչվելով լավագույն գործընկեր), «Ինկոֆին ինվեսթմենթ մենեջմենթ»-ի, «Բլյու Օրչարդ» միկրոֆինանսավորման հիմնադրամի, «Սիմբիոտիքս»-ի հետ: Հիմք են դրվել մի շարք հեղինակավոր կառույցների հետ նոր կարեւոր բիզնես հարաբերությունների ստեղծման գործընթացին, ինչպես, օրինակ, ԴԵԳ-ի (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) հետ համագործակցությանը»,- նշել է Արամ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ բանկն առաջիկայում եւս կշարունակի ակտիվ գործունեությունը բանկային համակարգում՝ որպես կայուն, վստահելի եւ կանխատեսելի ֆինանսական կառույց:

Բանկում տեղեկացրել են, որ 2018թ. հունիսի 28-ի դրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը կազմում է 32,5 մլրդ դրամ, նորմատիվային կապիտալը՝ մոտ 33,1 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 200,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 130,1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 44,1 մլրդ դրամ, շահույթը` 995 մլն դրամ:

Բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում:
Դիտում՝ 2680
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW