ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Վերջին հանձնարարականը եւ խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչեւ վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2043