Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) այսօր լրագրողների համար շրջայց էր կազմակերպել Արարատի մարզի Սուրենավան համայնք, որի շրջանակում ներկայացվել են «Ջրամատակարարման եւ ջրահեռացման» ծրագրի արդյունքները:Ծրագրի ղեկավար Սեզար Լորենսը տեղեկացրել է, որ ջրամատակարարման խնդրի լուծումը դրական փոփոխություն է մտցրել Հայաստանի 28 քաղաքների եւ 162 գյուղերի մոտ 700 000 բնակիչների կյանքում: «2007-ից ի վեր ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում խմելու ջրի հուսալի եւ կայուն մատակարարման ապահովման կառավարության նպատակին: Բանկը երկու վարկերի միջոցով ստանձնել է $76 մլն ֆինանսավորելու պարտավորություն: Ծրագրի արդյունավետության համար ԱԶԲ-ն նաեւ $30 հազ. է հատկացրել` 36 դպրոցում բաժանված 16-էջանոց պատկերազարդ բրոշյուրի 82 000 տպաքանակի համար»,- նշել է նա: Սուրենավան համայնքի բնակիչ Արտեմ Մարտիրոսյանը, հիշելով նախկինում ջրի պակասի հետեւանքով առաջացած խնդիրները, նշում է, որ այսօր գոհ են, քանի որ մաքուր խմելու ջուր ունեն, որն օգնում է նորմալ կենցաղ վարել: Գյուղում կառուցված ջրագծի շնորհիվ մաքուր խմելու ջուր ունեն Սուրենավանի բոլոր 2600 բնակիչները: Ծրագրի իրականացման շրջանակում կառուցվել է 2145 կմ-ից ավելի երկարությամբ ջրատար խողովակաշար եւ ցանց, 4,4 կմ-ից ավելի երկարությամբ կոյուղի, տեղադրվել են 57 587-ից ավելի ջրաչափերի հորեր, վերականգնվել ավելի քան 24 պոմպակայաններ, խմելու ջրի մաքրման 3 կայաններ:24-ժամյա ջրամատակարարում ունեցող տնային տնտեսությունների/բաժանորդների տոկոսն էլ ծրագրի տարածքում 36%-ից հասել է 49%-ի: Tweet Դիտում՝ 1310