Գյուղնախարարությունը ջերմոցատերերի համար նոր ծրագիր կմշակի

30.01.2018 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգնատի Առաքելյան #գյուղնախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ նախապատրաստվում է լիզինգի ծրագիր փոքր եւ միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման եւ եկամուտների ավելացման նպատակով:

Այս մասին նախարարն ասել է ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը:


«Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր եւ միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետաքրքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար: Միաժամանակ, սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել եւ պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- ասել է Իգնատի Առաքելյանը՝ կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերը:  

Ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող եւ մի շարք այլ հարցեր:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են նաեւ մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը:

Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր եւ դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը:
Դիտում՝ 1674

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW