ԱՊՊԱ պայմանագրեր ցանկացած ապահովագրական ընկերության հետ հնարավոր կլինի կնքել նաեւ առցանց եղանակով՝ սահմանվածից 5%-ով ցածր ապահովագրավճարով:Ինչպես հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում, պայմանագրի առցանց կնքումը պարզ գործընթաց է եւ տեւում է առավելագույնը 3-4 րոպե, վճարումն իրականացվում է պայմանագրի կնքման պահին՝ ցանկացած վճարային քարտի միջոցով, իսկ ապահովագրության վկայագիրը կնքումից անմիջապես հետո ուղարկվում է վկայագրում նշված՝ ապահովադրի էլեկտրոնային հասցեին: Բյուրոյում հիշեցրել են, որ ԱՊՊԱ ապահովագրության վկայագրի թղթային կամ տպված տարբերակն ավտոմեքենաներում պահպանելը պարտադիր չէ: Ճանապարհային ոստիկանությունն ավտոմեքենաների վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրերի առկայությունը ստուգում է ՃՈ եւ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգերի միջեւ իրական ժամանակի ռեժիմում իրականացվող հարցումների միջոցով:ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման համար կարելի է այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք։ Բյուրոյում նաեւ տեղեկացրել են, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում նախատեսվում է ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորություն ստեղծել նաեւ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների, մասնավորապես՝ «Թել-Սել», «Իզի Փեյ», «Մոբի Դրամ» եւ «Իդրամ» կազմակերպությունների վճարային տերմինալների միջոցով, ինչի մասին բյուրոն լրացուցիչ կիրազեկի։ Tweet Դիտում՝ 4951