ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ կառավարությունը հետեւողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ: Այս մասին վարչապետն ասել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:«Բյուջետավորման համակարգի ներդրումը ենթադրում է, որ թե՛ բյուջետային ծրագրերը, թե՛ դրանց կատարողականները պետք է ներկայացվեն՝ աստիճանաբար ավելի մեծ շեշտադրումներ կատարելով արդյունքային ցուցանիշներին: Այլ կերպ ասած, համեմատաբար մեծ ուշադրություն պետք է դարձվի ոչ թե այն բանին, թե որքան ֆինանսական միջոցներ ենք ծախսել, այլ թե ինչ արդյունքներ են արձանագրվել այդ միջոցների օգտագործմամբ: Հետեւաբար, ոլորտային քննարկումների ժամանակ մենք նախատեսում ենք շարունակել ջանքեր գործադրել քննարկումները հենց այս տրամաբանությամբ հնարավորինս բովանդակային դարձնելու ուղղությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:Վարչապետի խոսքով՝ տնտեսության հետագա զարգացման հիմքերի ստեղծման նպատակով 2016թ. սկսվել եւ ներկայում շարունակվում են քննարկումները, որոնք հիմնականում իրենց արտացոլումը գտել են կառավարության նոր ծրագրում եւ առաջիկայում կարտացոլվեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ու պետական բյուջեի նախագծում: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում կառուցողական քննարկումներ կծավալվեն եւ կարվեն կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք կառավարությունը հաշվի կառնի իր կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերում: Tweet Դիտում՝ 2502