Ֆրանսիական ընկերությունը Հայաստանում տեքստիլ կարտադրի

09.06.2017 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #«Բետրանկուր» #տեքստիլ
Հագուստների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական «Բետրանկուր» ընկերությունը մտադիր է գործունեություն ծավալել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթեւ արդյունաբերողների հետ։

Ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ եւ հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունում, նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ընկերության ներկայացուցիչներին, որոնք եռօրյա այցով Հայաստանում են։

Մինչ այդ «Բետրանկուր»-ի ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը եւ Նիկոլաս Կրոմբետեն նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր եւ Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։

Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը եւ փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքստիլ ընկերության հետ հնարավոր է նաեւ երկարաժամկետ համագործակցություն եւ մեծ ներդրումներ։

«Թեթեւ արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու  նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաեւ հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընդգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը եւ Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,- ասել է Սուրեն Կարայանը։

«Մեզ համար անչափ կարեւոր է տեսնել եւ համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Ձեր երկիրը թեթեւ արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել եւ բարելավել հայկական արտադրանքը»,- ասել է Մայքլ Նոքաերտը:
Դիտում՝ 2580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW