Էջմիածնի Էդուարդո Էռնեկյանի անվան դպրոցի սաների ավարտական միջոցառմանը ներկա են եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաեւ դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խումբը դպրոցի սաներին ուսումնառության ամբողջ ընթացքում տրամադրում է ամենամյա կրթաթոշակներ: Կուտակված դրամագլուխը աշակերտներին է փոխանցվում դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի ISIC քարտերով: «Էռնեկյան դպրոցի շրջանավարտներին համակողմանի աջակցությունը միշտ էլ եղել է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցների, այդ թվում՝ Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս տարվանից դպրոցի սաներին կաջակցենք ոչ միայն ուսումնառության տարիներին, այլեւ դպրոցն ավարտելուց հետո՝ աջակցելով բիզնես ծրագրերի, նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաեւ լավագույն սաներին հնարավորություն տալով գործնական պրակտիկա անցնել բանկում»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Գոհար Հարությունյանը: Նա բանկի ղեկավարության անունից դպրոցի սաներին հետագայում աշխատանքով ապահովելու պատրաստակամություն է հայտնել: «2009թ., երբ նոր էինք ձեռնամուխ եղել Հայաստանում Հայորդաց տների հիմնադրմանը, ինձ մոտեցավ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Էռնեկյան կրթօջախի սաների կրթությունը, կրթական լավագույն պայմանների ստեղծումը եւ դպրոցի սաներին մրցունակ գիտելիքների փոխանցումը միշտ էլ եղել են բարերարի ուշադրության կենտրոնում»,- ասել է Գարեգին Բ-ն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ նշել է, որ Էռնեկյան դպրոցի սաները միշտ աչքի են ընկել «հասունությամբ եւ մտքի ճկունությամբ», ինչի վկայությունն են հանրապետական օլիմպիադաներում գրանցած հաջողությունները: «Էդուարդո Էռնեկյանի ուշադրությունից չի վրիպում ուսումնառությանը, դրա պայմաններին առնչվող ոչ մի մանրուք: Աստծո կամոք, հաջորդ տարի Էռնեկյան դպրոցի սաների առջեւ իր դռները կբացի դպրոցի նոր շենքը, որը եւս կառուցվել է բարերարի աջակցությամբ»,- ասել է Վեհափառը: Tweet Դիտում՝ 6229