ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ թեթեւ արդյունաբերության ոլորտը կառավարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլեւ ունի զարգացման մեծ ներուժ: Թեթեւ արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ոլորտի առաջընթացը խթանելու նպատակով շարունակել ակտիվ համագործակցությունն ու նպաստել նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: «Կառավարությունը պատրաստ է խրախուսել տեղական արտադրողին եւ սուբսիդավորել այն կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսը, որոնք միտված են արտադրությունների ընդլայնմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է վարչապետը: Այդ համատեքստում, ձեռնարկությունների ներկայացուցիչները ներկայացրել են գործունեությունն ընդլայնելուն ուղղված կոնկրետ ներդրումային նախաձեռնություններ, որոնց արդյունքում հանրապետությունում նախատեսվում է ստեղծել մի քանի հազար նոր աշխատատեղ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ կարճ ժամանակում առարկայական քննարկել բոլոր նախաձեռնությունները: Անդրադառնալով հարկային ու մաքսային վարչարարության հետ կապված հարցերին՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր խնդիրն է բիզնեսի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ: Այսօր չկա մեկը, որը գտնվում է արտոնյալ պայմաններում»: Tweet Դիտում՝ 2739