Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատի պայթեցման փորձի համար

09.03.2017 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի եւ Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:

«2016թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը եւ Ա. Օսեյանը, իրենց հետ վերցնելով բանկոմատի պայթեցման նպատակով նախապես ձեռք բերած գազի եւ ամիակի բալոնները, էլեկտրական մարտկոցը, ռետինե խողովակներն ու մալուխը, ավտոմեքենայով գնացել են ՎՏԲ-Հայաստան Բանկի 4-րդ մասնաճյուղի` Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի մոտ` որոշելով իրագործել հանցավոր մտադրությունը:

Հանցագործության կատարման մեջ չմերկացվելու եւ իրենց անձը քողարկելու նկատառումներով Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանը եւ Ա. Օսեյանը հագել են պոլիէթիլենային տոպրակներ եւ փորձել պայթեցնել բանկոմատն ու գաղտնի հափշտակել այդ պահին նրանում առկա առանձնապես խոշոր չափի՝ 29 904 000 ՀՀ դրամ գումարը, սակայն պայթյուն չի առաջացել: Այնուհետեւ, բանկոմատը պայթեցնելու մի քանի անհաջող փորձերից հետո, չբացահայտվելու եւ չբռնվելու նպատակով, Է. Հակոբյանը, Ս. Սիմոնյանն ու Ա. Օսեյանը գործիքները թողել են դեպքի վայրում եւ հեռացել` հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով»,- ասված է հաղորդագրությունում:

Վերոնշյալ երեք անձանց մեղադրանքներ են առաջադրվել, քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Դիտում՝ 3635
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW