Յունիբանկը հայտարարում է իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով առաջին միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին: Բանկում նշել են, որ բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար իրականացվել է սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով՝ մոտ 3,2 մլրդ դրամ: Յունիբանկի խորհուրդը 2016թ. դեկտեմբերի 9-ի նիստում որոշում էր ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ՝ 2016թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար, սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ) բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12,9% տարեկան եկամտաբերությանը: «Այս որոշումն ընդունվել էր՝ ելնելով Յունիբանկի արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից եւ զարգացման ռազմավարությունից: Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որը 2016թ. նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը: Շահութաբաժինները կվճարվեն սովորական բաժնետոմսերի սեփականատերերին, որոնք 2016թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ընդգրկված են եղել բանկի բաժնետերերի ռեեստրում»,- հիշեցրել են բանկում: Tweet Դիտում՝ 527