Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինն էներգաարտադրությունում ավելացել է

21.02.2017 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինն ավելացել է։

Ինչպես հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, նախորդ տարի այն կազմել է արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13%-ը, որը 4%-ով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։

«Էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով` Հայաստանում փոքր հիդրոկայանների թիվը նախորդ տարի համալրվել է 5-ով` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմելով 178։

Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։

Նա նշել է, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ:

«Ըստ տրամադրված լիցենզիաների` 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում եւս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ եւ 260 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ»,- ասել է Հայկ Բադալյանը:

Ըստ նրա` Հայաստանը «լուրջ կարեւորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից անվտանգ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացին՝ այն  համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը»:

Նախարարությունում հիշեցրել են, որ շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը, որը հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմաններն ու ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։

Դիտում՝ 2801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW