ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուֆ Ալ Էնեզիին: Կարեն Կարապետյանը կարեւորել է երկու երկրների միջեւ մեծ ներուժ ունեցող տնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը: «Առաջիկայում ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ, ուրախ կլինենք, որպեսզի երկու երկրների ներդրումային կառույցների միջեւ ծավալվի ակտիվ համագործակցություն: Պատրաստ ենք Ձեր միջոցով Քուվեյթի գործարարներին ներկայացնել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերն ու ներդրումային ծրագրերի փաթեթները, կազմակերպել երկու երկրների տնտեսվարողների մասնակցությամբ հանդիպումներ ու քննարկումներ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը դեսպանին առաջարկել է դիտարկել նաեւ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու հարցը: Նաուֆ Ալ Էնեզին եւս կարեւորել է տնտեսական կապերի խորացումը: Նրա խոսքով՝ Քուվեյթի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված կլինի հայաստանյան նոր ստեղծվելիք հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացմամբ: «Պատրաստ ենք քննարկել եւ Քուվեյթի բիզնես հատվածին ներկայացնել ՀՀ կառավարության ներդրումային փաթեթները՝ դրանց հետագա ընթացք տալու նպատակով»,- ասել է դեսպանը՝ ավելացնելով, որ Քուվեյթի էմիրի կողմից ստացել է Հայաստանի հետ բազմակողմ կապերի հետագա զարգացմանն ուղղված հանձնարարական, որի իրականացման նպատակով գործադրելու է ջանքեր: Tweet Դիտում՝ 3283