Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վերանայել է խոշոր վարկերի տրամադրման իր քաղաքականությունը:Ինչպես հայտնել են բանկում, այս մասին այսօր ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ Լոռու մասնաճյուղում մարզի գործարարների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:«Մենք երկու տարի շարունակ զերծ ենք մնացել խոշոր վարկեր տրամադրելուց, մաքրել եւ առողջացրել ենք մեր պորտֆելը: Սա եզակի երեւույթ է բանկային համակարգում, մենք գնացինք այդ քայլին, քանի որ առաջնորդվում ենք պատասխանատու բիզնեսի սկզբունքներով»,- ասել է Հակոբ Անդրեասյանը:Նրա խոսքով` բանկի որոշմանը նպաստել է նաեւ վերջին ամիսներին կառավարության ներկայացուցիչների եւ միջազգային կառույցների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ներկայացված «տպավորիչ փոփոխությունների նախագծերը»:Հաշվի առնելով այս հանգամանքները՝ բանկի խորհուրդը քննարկել եւ որոշել է, որ այսուհետ պատրաստ է «հետաքրքիր եւ խոստումնալից նախագծերին տրամադրել համեմատաբար մեծ վարկեր»:«Արդեն մի քանի ամիս է՝ գործարար շրջանակներից դրական ազդակներ են գալիս, եւ ակնկալում ենք շուտով հանրապետության ներդրումային դաշտի էական փոփոխությունների ականատեսը լինել: Այս կերպ մենք առաջին պատասխան քայլն ենք անում՝ նպատակ ունենալով մասնակից դառնալ բարեփոխումների գործընթացին»,- ասել է բանկի ղեկավարը: Տրամադրվելիք վարկերի տոկոսադրույքներն ու ժամկետները կախված կլինեն, նախեւառաջ, նախագծերի ֆինանսական գնահատականից եւ բազմակի ազդեցության՝ մուլտիպլիկատորի էֆեկտից: «Որպես տոկոսադրույքները նվազեցնելու եւս մեկ գործիք կդիտարկվի փաթեթային համագործակցության հեռանկարը՝ ներկայացնելով բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների շատ ավելի լայն ցանկ, քան միայն վարկավորումը»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 5981