Ծաղկաձորում այսօր անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները:Վերջիններիս ընդունել է ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ այդ կառույցների գործունեությունից է զգալիորեն կախված ցանկացած երկրի գործարար միջավայրի բարելավումը:ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները կնպաստեն վերոնշյալ խնդիրների լուծումն առաջ մղելուն եւ այն նպատակների իրագործմանը, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում իրենց առջեւ դրել են Միության անդամ պետությունները:Հանդիպման մասնակիցները ՀՀ նախագահին ներկայացրել են նաեւ ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման նպատակով Մաքսային նոր օրենսգրքի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, մաքսային ծառայությունների ներկայիս խնդիրներն ու մարտահրավերները, զարգացման հեռանկարը:ԵԱՏՄ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին այսօր ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծել է, որ այս նիստը թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը եւ կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինն էլ նշել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության եւ թափանցիկության բարձրացմանը, առեւտրաշրջանառության դյուրացմանը: Tweet Դիտում՝ 3070