Կառավարությունը կխթանի Հայաստանից Իրան արտահանումը

18.11.2016 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը կխթանի Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապեսˋ սննդամթերքի եւ գյուղմթերքի արտահանումը:

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է արտաքին գործերի, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել ու հնգօրյա ժամկետում ներկայացնել նախագիծ՝ Հայաստանից Իրան արտահանման խթանմանն ուղղված աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Վարչապետի փոխանցմամբˋ աշխատանքային խումբը պետք է բանակցի իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ բոլոր թույլտվությունների ապահովման նպատակով, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանում պահանջվող չափորոշիչներին եւ հարեւան շուկա մուտք գործի դյուրացված կարգով:

«Աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվելու է մինչեւ դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Կարծում եմ՝ հանձնարարականը պարզ է. ունենք հարեւան մեծ շուկա, որն ունի մեծ պահանջարկ, իսկ այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով նրանից, որ միշտ շուկան ու սպառողն են թելադրում, թե ինչ ձեւի, որակի ու հայտանիշների պետք է համապատասխանի արտադրանքը` անհրաժեշտ է արդյունավետ աշխատել, որպեսզի այդ շուկայում մեծ մասնաբաժին ունենանք»,- նշել է կառավարության ղեկավարը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին ու ՊԵԿ նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների եւ ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանին սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) հիմնելու հնարավորություններն ու մինչ դեկտեմբերի 25-ը ներկայացնել համապատասխան առաջարկություններ:           
 

Դիտում՝ 2145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW