«Տաշիր» առեւտրի կենտրոնում այսօր կայացել է Armenian Brands հարթակի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:Նախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական արտադրանքին, հայ դիզայներ-մոդելավորողների աշխատանքին: Armenian Brands-ի տաղավարներում ներկայացված է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ արտադրող հայաստանյան ընկերությունների արտադրանքը: Նախագծի նպատակը տեղական արտադրողին աջակցելն ու դեպի շուկա սահուն ընթացք ապահովելն է: Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել հայ արտադրողներին եւ արվեստի մարդկանց միավորելու գաղափարը, որի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվել միասնական հարթակով ներկայանալու պոտենցիալ գնորդներին:«Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաեւ զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը»,- նշել է Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում:Սուրեն Կարայանն իր հերթին նշել է, որ հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, «առավել եւս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ, ինչը նաեւ լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու համար»: Նա տեղեկացրել է, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաեւ խնդրահարույց հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը: Tweet Դիտում՝ 15186