ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարել է, որ ինքը շարունակում է կատարել նախարարի իր պարտականությունները, եւ «հրաժարական տալու խնդիր չկա»:Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ մամուլի հրապարակումներին:Նրա խոսքով` ըստ Սահմանադրության՝ կառավարության կազմավորումը ենթադրում է հանրապետության նախագահի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ, որից հետո նոր կհամարվի՝ նախարարը նշանակված է, թե ոչ։«Ես կշարունակեմ պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչեւ կձեւավորվի նոր կառավարությունը։ Որեւէ պաշտոն մեզ համար (Դաշնակցության – խմբ.) ինքնանպատակ չէ, եւ մեր համաձայնագրի հիմնական նպատակն է բոլոր ուղղություններով գրանցել առաջընթաց։ Մենք ստանձնել ենք կառավարության գործի ամբողջական պատասխանատվություն, եւ կապ չունի, թե որտեղ ենք այդ պահին պաշտոնավարում»,- նշել է Արծվիկ Մինասյանը:Անդրադառնալով իր եւ վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերություններին՝ նա ասել է, որ որեւէ լարվածություն կամ կոնֆլիկտ չկա։Մյուս կողմից, Արծվիկ Մինասյանը չի հերքել, որ վարչապետն այս պաշտոնում «այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել»: «Ես պաշտոնն ամեն գնով պահելու ամբիցիա չունեմ, եւ իմ նպատակն է` նպաստել երկրի տնտեսության առաջանցիկ զարգացմանը նպաստող խնդիրների լուծմանը»,- նկատել է նախարարի պաշտոնակատարը:Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ինքն արդեն մի շարք առաջարկներ ունի «տարբեր ուղղություններից», սակայն քանի որ իրեն առաջադրել է ՀՅԴ-ն, հարցը պետք է քննարկվի կուսակցության գերագույն մարմնում: Tweet Դիտում՝ 3648