Երեւան, 31 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հունվարի 30-ին էդինբուրգում ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Microsoft կորպորացիայի նախագահ Բիլլ Գեյթսը ստորագրեցին “Համագործակցության համաձայնագիր”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացման նպատակով Microsoft կորպորացիան Հայաստանում կիրականացնի մի շարք ներդրումային, կրթական եւ ինովացիոն ծրագրեր: Մասնավորապես, նախատեսվում է Հայաստանում ստեղծել Microsoft Նորարարական տեխնոլոգիաների կենտրոն (Microsoft Innovation Center): ՀՀ պատվիրակությունը ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ հունվարի 29-ին Microsoft-ի հրավերով մեկնել էր Շոտլանդիա` մասնակցելու կորպորացիայի կողմից Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում կազմակերպվող Եվրոպայի պետական առաջնորդների համաժողովին (Government Leaders Forum-Europe): 2006 թ. սեպտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՙՏեղեկատվական Տեխնոլոգիաների միամսյակի՚ շրջանակներում ՀՀ վարչապետի եւ Microsoft ընկերության Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահի միջեւ կայացած հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել սկզբունքային պայմանավորվածություն` ՀՀ կառավարության եւ Microsoft ընկերության միջեւ ռազմավարական համագործակցություն սկսելու վերաբերյալ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8808