ՀՀ էկոնոմիկային նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ նորարարությունը պետք է ներդնել ՀՀ տնտեսության բոլոր ոլորտներում, ուղղություններում եւ մակարդակներում՝ սկսած ամենափոքր տնտեսական սուբյեկտից մինչեւ պետական մարմիններ:Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է Երեւանում տեղի ունեցած «Աջակցություն նորարարություններին Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ, որը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) համատեղ նախաձեռնությամբ:«Այսօր մեր տնտեսության հիմնարար խնդիրներից մեկը տեխնոլոգիական նորարարություններ ներդնելու անհրաժեշտությունն է, որպեսզի կարողանանք վերակառուցել մեր տնտեսությունը՝ դարձնելով այն ավելի ժամանակակից եւ մրցունակ»,- նշել է նախարարը:Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ արձանագրել է նշանակալի դրական զարգացումներ տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտում՝ գրանցելով շուրջ 20%-անոց աճ: Այնուամենայնիվ, որպեսզի այս աճը դառնա համընդգրկուն միտում, անհրաժեշտ է նորարարության կիրառել տնտեսության բոլոր ոլորտներում:ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն էլ ընդգծել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորությունը՝ հիշեցնելով, որ այս կառույցի հետ ՀՀ-ն ակտիվորեն համագործակցում է 2008-ից: Նա հիշեցրել է, որ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվել են մի շարք կարեւոր ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ՓՄՁ աջակցության եւ գյուղատնտեսության ոլորտներում:«Մենք կարեւորում ենք Եվրոպական ներդրումային բանկի կողմից մասնավոր հատվածին ուղղակի ֆինանսավորման մեխանիզմների կիրառումը, որը Հայաստանի կողմից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման սահմանափակումների պայմաններում հնարավորություն կտա արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնել մեր արտադրանքի մրցունակությունը տարածաշրջանում»,- նշել է նա: ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին եւս կարեւորել է Հայաստանում նորարարության ոլորտում ներդրումային ծրագրերի իրագործումը:«Հայաստանը հայտնի է իր մտավոր բարձր ներուժով, ինչպես նաեւ մտածելու, նորարարություններ կատարելու եւ զարգացնելու իր մշակույթով: Հետեւաբար, շատ կարեւոր է նորարարության որոլտում ներդրումների իրակակացնումը»,- նշել է դեսպանը՝ ընդգծելով, որ ՀՀ գործարարության զարգացման կարեւորագույն խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ ֆինանսական միջոցների անհասանելությունը: Tweet Դիտում՝ 3262