«Ֆինքա»-ն գործարկում է գյուղվարկավորման նորարարական մոտեցում

30.03.2016 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագրի շրջանակում (FASA), գործարկում է գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման նորարարական մոտեցում:

Ընկերությունում նշել են, որ առաջին անգամ Հայաստանում վարկավորման գործընթացն իրականացվում է արժեշղթայի ֆինանսավորման մեթոդի միջոցով (value chain financing):

Այս նպատակով «Ֆինքա»-ն մշակել է նոր` «Բերրի» վարկատեսակը` նախատեսված գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձանց համար, որոնց ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ սերմերի, պարարտանյութերի, փոքր գյուղատնտեսական սարքավորումների եւ այլ անհրաժեշտ միջոցների ձեռք բերման համար:

«Ի տարբերություն ավանդական վարկավորման՝ ֆինանսավորման այս մեթոդը ենթադրում է եռակողմ համագործակցություն, որի պարագայում «Ֆինքա»-ն հաճախորդի վարկը` ձեռք բերվող գյուղատնտեսական ապրանքների արժեքի չափով, անմիջապես փոխանցում է գյուղատնտեսական միջոցներ վաճառող կազմակերպությանը: Այսպիսի համագործակցությունը շահավետ է արժեշղթայի բոլոր մասնակիցների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Պարարտանյութեր եւ այլ գյուղատնտեսական միջոցներ ձեռք բերելու համար հնարավոր է ստանալ 75 000 - 1 500 000 դրամ վարկ` 0- 6 % տարեկան տոկոսադրույքով, ընդ որում` մինչեւ 6 ամիս ժամկետով վարկ վերցնելու դեպքում գործում է 0% տոկոսադրույք: Վարկը տրամադրվում է 6-12 ամսով` 3% վարկի տրամադրման վճարով:

«Ֆինքա»-ում նշել են, որ վարկի ձեւակերպման հետ կապված գործընթացները հեշտացված եւ պարզեցված են. բիզնես վայրի այցելություն չի իրականացվում,  մինչեւ 750 000 դրամ վարկերի համար երաշխավորներ չեն պահանջվում, իսկ ավելի մեծ վարկ ստանալու համար բավարար է ընտանիքի մեկ անդամի երաշխավորությունը:  

Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագիրը վարկավորման եւ տեխնիկական աջակցության ծրագիր է, որը ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ) եւ կառավարում KFW զարգացման բանկը եւ Գերմանահայկական հիմնադրամը (ԳՀՀ):

Ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի գյուղական վայրերի զարգացմանը, բարձրացնելու գյուղատնտեսների համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ բարելավելու գյուղվարկավորմամբ զբաղվող բանկերի եւ վարկային կազմակերպությունների կարողությունները:

«Սա Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագրի արդեն երկրորդ նախաձեռնությունն է, որին «Ֆինքա» ՈՒՎԿ-ն մասնակցություն է ցուցաբերում: Առաջին ծրագրի մեկնարկը տրվեց 2015թ. վերջին` «Ծրագրային Ագրո» վարկի ներդրմամբ»,- նշել են ընկերությունում:   

Դիտում՝ 12416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW