Նախագահը կարեւորել է արգենտինյան ներդրումների ավելացումը ՀՀ-ում

24.03.2016 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-արգենտինական առեւտրատնտեսական հարաբերությունները Էդուարդո Էռնեկյանի «շնորհակալ եւ ակտիվ գործունեության շնորհիվ այսօր գտնվում են լավ մակարդակի վրա եւ մշտապես աճ են արձանագրում»:

Այս մասին նախագահն ասել է Արգենտինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի վերաբերյալ զեկույց է ներկայացվել:

«Թեեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Անշուշտ, շատ կարեւոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, եւ արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որը, իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը՝ մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը կարեւորել է նաեւ գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում:

«Այստեղ խոսքը գնում է նաեւ այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստան նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս, եւ այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար»,- ասել է նախագահը:

Որպես հաջորդ հաջող օրինակ նա նշել է նաեւ «Կոնվերս բանկի» գործունեությունը, ինչպես նաեւ խոստումնալից համարել «Տանգո»-ի մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության եւ հյուրանոցաշինության ոլորտում:

«Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք արգենտինահայ գործարարների եւ, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ եւ հանգրավանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել»,- ասել է նախագահը:

Դիտում՝ 12140
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW