ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանների նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետներ:Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շրջանակում հատկացված եւ դեռեւս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող 955 բնակարանների (բնակելի տների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցումը, «ինչն էլ կնպաստի այդ բնակարանների մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով՝ նաեւ այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը»: Նախագծի ընդունումը կազդի նաեւ նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացի տեմպի վրա եւ կնպաստի այդ բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման գործընթացի արագացմանը:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորել է համապատասխան մարմիններին՝ հետամուտ լինել եւ այս ծրագիրը պատասխանատվությամբ իրականացնել: «Սա շատ կարեւոր խնդիր է, եւ բազմաթիվ նման խնդիրներ կան աղետի գոտում, հարկավոր է վերջնական գույքագրել եւս մեկ անգամ եւ բոլոր հարցերին լուծում տալ»,- ասել է վարչապետը՝ դիմելով Նարեկ Սարգսյանին:Նշենք, որ ծրագրի շրջանակում հատկացված 2990 բնակարանից կնքվել է 2117 բնակարանի նվիրատվության պայմանագրերը (կամ հատկացված բնակարանների 70.8%-ը), եւ դեռեւս խնդիր է մնում ապահովել մնացած 29.2%-ի՝ 873 բնակարանի նվիրատվության պայմանագրերի կնքման եւ արդյունքում այդ բնակարանների նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցման գործընթացը: Tweet Դիտում՝ 3535