«ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի՝ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը լինելու մասին տեղեկությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը»: Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան նշել են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից՝ անդրադառնալով վրացական BusinessPressNews (BPN) լրատվական գործակալության հրապարակմանը, որտեղ նշվել էր, թե «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը Հովիկ Աբրահամյանն է: «Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հետեւողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որոնք միտված են նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը եւ այլն»,-հայտնել են վարչությունից:Georgian Airways ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Արմենիա» ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին եւս արձագանքել է հրապարակմանը: «Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից Մեդիամաքսին փոխանցել են Թամազ Գաիաշվիլիի հետեւյալ խոսքերը.«Նման հայտարարություններ տարածում են այն մարդիկ, ովքեր նպատակ ունեն ճանապարհից հեռացնել մրցակիցներին եւ հասնել նրան, որպեսզի ՀՀ կառավարությունը չաջակցի նոր բացված ավիաընկերությանը` թշնամական հարաբերություններ ստեղծելով ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ: ՀՀ վարչապետն ամեն կերպ հետաքրքրված է եւ պատրաստ օգնելու բոլորին, որպեսզի հայկական ավիացիան ոտքի կանգնի»:ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից Մեդիամաքսին հայտնեցին, որ «Արմենիա» ավիաընկերության 51 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանն է, իսկ 41 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը՝ Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը: Tweet Դիտում՝ 19418