ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Ճշմարիտյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու մասին:Նախագահի մեկ այլ հրամանագրով այս պաշտոնում նշանակվել է Արծվիկ Մինասյանը:Այս նշանակումը կատարվել է նախօրեին ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակում: Արծվիկ Մինասյանը ծնվել է 1972թ. հունվարի 1-ին ՀՀ Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1990-1995 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ: 1995-1998 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1997-1998թթ. կարճաժամկետ ծրագրերով ուսումնառությունը շարունակել է Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում` մասնակցելով անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներին: 1997-2001թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ: 1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում որպես մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: 1998թ. սկսած դասախոսում է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1999-2000 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ: 2000-2005 թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել եւ աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամի պաշտոնում: 2004-2005 թթ. դասախոսել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006 թթ.` նաեւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայում: 2005-2007 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել եւ աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում: 2007-2012 թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, 16.06.2008-15.09.2009 թթ.` 2008թ. մարտի 1-2 Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ: 2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: 2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկանածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Tweet Դիտում՝ 3580