2015-ին խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 4 մլրդ դրամով

30.01.2016 | 09:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2015թ., նախորդ տարվա համեմատ, նվազել է շուրջ 4 մլրդ դրամով կամ  0,6%-ով՝ կազմելով 696,5 մլրդ դրամ:

Ընդ որում, ընդհանուր հարկերի գերակշիռ մասը (շուրջ 55,4%) բաժին է ընկել անուղղակի հարկերին (ԱԱՀ, ակցիզային հարկ), որոնց ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,3%-ով` կազմելով 385,6 մլրդ դրամ: Ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտային հարկ) բաժին է ընկել ընդհանուրի 32,9%-ը՝մոտ 229 մլրդ դրամ (աճ՝4,1%), իսկ մնացած մասը կազմում են հաստատագրված վճարները (1,2 մլրդ դրամ, անկում՝ 59,4%) եւ այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները (80,7 մլրդ դրամ, աճ՝ 2,1%):  

Ի դեպ, միայն առաջին 1000 խոշոր հարկ վճարողներն ապահովել են 2015թ. ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի 65,4%-ը:

ՀՀ խոշորագույն հարկատուների ցուցակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 2015թ., ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 42,6 մլրդ դրամ հարկ, ինչը շուրջ 0,4%-ով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին: Ընկերության վճարած հարկերի հիմնական մասը (34 մլրդ դրամ) կազմում են անուղղակի հարկերը, իսկ ուղղակի հարկերը կազմում են շուրջ 7,8 մլրդ դրամ:

Երկրորդ ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն»  է, որը 2015թ. պետբյուջե է վճարել շուրջ 27,5 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 37,9%-ով: Ընկերությունը բարելավել է իր դիրքերը ցուցակում՝ նախորդ տարվա 4-րդ հորզոնականից բարձրանալով մինչեւ 2-րդ տեղ:
 
Հաջորդ խոշոր հարկատուն «Ղ-Տելեկոմ»-ն է՝ 18,6 մլրդ դրամ ցուցանիշով (անկում` 35,5%): Ընկերությունը զիջել է իր նախորդ տարվա դիրքերը մեկ հորիզոնականով (2014 թ. «Ղ-Տելեկոմ»-ը 2-րդ ամենախոշոր հարկատուն էր):

Ցուցակում չորրորդ տեղը զբաղեցրել է «Ալեքս Գրիգ» ընկերությունը `18,3 մլրդ դրամ հարկերի ծավալով (անկում`15,4%), որը զիջել է իր նախորդ տարվա դիրքերը 1 հորիզոնականով:

Խոշորագույն հարկատուների հնգյակը եզրափակում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»`շուրջ 17 մլրդ դրամ ցուցանիշով: Ուշագրավ է, որ կազմակերպության վճարած հարկերը մեկ տարվա ընթացում աճել են մինչեւ 6 անգամ, ինչը պայմանավորված է ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերության հետ կնքած գործարքով, որից ձեւավորված ԱԱՀ-ն էլ նրան դարձրել է տարվա 5-րդ ամենամեծ հարկատուն (2014 թ. ընկերութունը զբաղեցնում էր 43-րդ տեղը):


Բացի այդ, 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 16,5 մլրդ դրամ, «Արմենիա Տելեֆոն Կոմպանին»՝ 15,5 մլրդ դրամ, «Գրանդ Տոբակո»-ն՝ 13,7 մլրդ դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 12,75 մլրդ դրամ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը՝ 9,5 մլրդ դրամ ցուցանիշով:

ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 4563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW