Ստանդարտների Բրիտանական ինստիտուտը (BSI) «Զվարթնոց»-ի ուղեւորային համալիրին շնորհել է ISO 50001 վկայագիր` Էներգակառավարման համակարգի ոլորտում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում նշել են, որ այս վկայագիրն ընդգծում է կառավարող ընկերության հաստատակամությունը էներգաարդյունավետության շարունակական բարելավման հարցում: Ի դեպ, «Զվարթնոց»-ն առաջին օդանավակայանն է Կովկասում, որին շնորհվել է այս վկայագիրը:«Ծրագիրը գործարկվել է 2015թ. եւ նախատեսում է էներգետիկ թիմի համար ապահովել այնպիսի ընդունելի համակարգ, որով էներգետիկ արտադրողականությունը կինտեգրվի ստանդարտի կառավարման պրակտիկային: Այն մանրամասնում է էլեկտրաէներգիայի օգտագործման, չափման եւ փաստաթղթագրման, ինչպես նաեւ այնպիսի սարքերի, համակարգերի նախատեսում եւ ձեռքբերում, որոնք նպաստում են էներգաարդյունավետության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում:Կազմակերպության բոլոր մակարդակների եւ գործառույթների ամբողջական ներգրավվածությունն ապահովեց ստանդարտի հաջող կիրառումը, եւ ժամանակին երեւացին արդյունքները: «Մենք նպատակ ունենք նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի սպառումը` շարունակական բարելավման փուլերով ավելացնելով էներգաարդյունավետությունը, ապահովելով մեր ուղեւորների ու աշխատակիցների համար անվտանգ եւ հարմարավետ միջավայր»,- ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:Նա ընդգծել է, որ «Զվարթնոց»-ը չի կարող վերահսկել էլեկտրաէներգիայի սակագները, սակայն կարող է վերահսկել էներգակառավարումը: «Ծրագրի մեկնարկից հետո մեզ մոտ կրճատվել են վատնումները, ավելացել արդյունավետությունը, եւ ինչը շատ կարեւոր է` կարողացել ենք ձեւավորել շարունակական բարելավման մշակույթ կազմակերպության բոլոր մակարդակներում»,- հավելել է Մարսելո Վենդեն: Tweet Դիտում՝ 9837