Երեւան, 7 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մինչեւ նոյեմբերի վերջ Հայաստանը կստանա առաջին չափաբաժինը ամերիկյան “Հազարամյակի մարտահրավերներ” կորպորացիայից, այսօր Երեւանում հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ •ործակալությունը, մեկնաբանելով Freedom House կազմակերպության կոչը կորպորացիայի ղեկավարությանը` Հայաստանի ծրագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ, Անդրանիկ Մարգարյանը հիշեցրել է, որ “Հազարամյակի մարտահրավերներ” ծրագրում ներգրավված երկրների համար օգտագործում են գնահատման 16 չափանիշներ: Կառավարության ղեկավարն ասել է, որ Freedom House-ի քննադատությունը Հայաստանի նկատմամբ վերաբերվում էր միայն մեկ չափանիշին, եւ դա առիթ չի դառնա ֆինանսավորումը դադարեցնելու համար: 2005 թվականի դեկտեմբերի 20-ին “Հազարամյակի մարտահրավերներ” ամերիկյան կորպորացիան հայտարարեց առաջիկա հինգ տարում Հայաստանին 235 միլիոն դոլար տրամադրելու մասին: Այդ միջոցները ուղղվելու են աղքատության կրճատմանը Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ ապրում է երկրի բնակչության 35 տոկոսը: Կորպորացիայի միջոցները օգտագործվելու են գյուղական ճանապարհների եւ ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով: 943 կիլոմետր գյուղական ճանապարհների վերանորոգմանը կուղղվի 67 միլիոն դոլար: Ոռոգմնան բնագավառում նախագծերի ֆինանսավորումը կկազմի 146 միլիոն դոլար: Ակնկալվում է, որ այս ծրագրերի իրագործումը անմիջական ազդեցություն կունենա գյուղական բնակչության 75 տոկոսի աշխատանքային պայմանների բարելավման վրա եւ թույլ կտա ավելացնել նրանց տարեկան համախառն եկամուտը մինչեւ 36 միլիոն դոլար 2010 թվականին եւ մինչեւ 113 միլիոն դոլար` 2015-ին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6381