Վրացի դիվանագետները միանում են Վրաստանում ներդրումներ ներգրավվելու գործընթացին: Նման հրահանգ նրանք ստացել են երկրի վարչապետից եւ նոր արտգործնախարարից, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Ինչպես հայտնել է Սաուդյան Արաբիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան «Ռուստավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում, վերջերս իր բնակության երկրից զգալի ներդրումներ են ուղղորդվել դեպի Վրաստան: «Մեծ նշանակություն ունի, թե ինչ քաղաքականություն ենք մենք իրականացնելու, ներդրողներ ներգրավելու համար: Եթե ի նկատի ունենանք վիճակագրությունը, վերջին երեք տարիների ընթացքում այս երկրները հետքրքրվածություն են ցուցաբերում [Վրաստանում ներդրում կատարելու]: Միայն Սաուդյան Արաբիայի ուղիղ ներդրումները 80 մլն դոլար են կազմում»,- հայտարարել է Ջանջգավան: Իր գործունեությունն ակտիվացնելու մտադրություն ունի նաեւ Իրանում Վրաստանի դեսպան Իոսեբ Չախվաշվիլին: Նրա խոսքով՝ արդեն մի շարք նախագծերին ուղղված աշխատանքներ են իրականացվում, եւ շուտով Իրանից ներդրումներ կուղղվեն Վրաստան: «Վրաց-իրանական տնտեսական համագործակցությունը բավական մեծ հեռանկարներ ունի: Դեսպանությունը անում է հնարավորինս, իրանական ներդրումներ Վրաստան ներգրավելու համար: Որոշակի նախագծեր կան, որոնց վրա մենք աշխատում ենք արդեն մեկ տարի, եւ հուսով ենք, դրանք շուտով կիրականացվեն»,- հայտարարել է Չախշաշվիլին: Tweet Դիտում՝ 8954