Երեւան, 6 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Բջջային օպերատոր "ՎիվաՍելը" եւ "Մայքրոսոֆթ" ընկերությունը ստորագրեցին Հայաստանում միասին աշխատելու վերաբերյալ համագործակցության պայմանագիր: Պայմանագիրն աննախադեպ է նրանով, որ առաջինն է երբեւէ ստորագրված հայաստանյան ձեռնարկության եւ "Մայքրոսոֆթի" միջև` այս տարվա մայիսին Հայաստանում ընկերության ներկայացուցչության հիմնադրումից ի վեր: "Մայքրոսոֆթի" հետ պայմանագիր ստորագրելով`"ՎիվաՍելը" հնարավորություն կստանա երեք տարվա ընթացքում համեմատաբար ցածր գնով ձեռք բերել եւ օգտվել "Մայքրոսոֆթ"-ի ծրագրերից: "ՎիվաՍելը" կստանա նաեւ տեխնիկական օժանդակություն, լիցենզավորման պարզեցված պայմաններից օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ հնարավորություն կստանա իրականացնել իր անձնակազմի շարունակական ուսուցում: " Մեզ համար մեծ պատիվ է "ՎիվաՍելի" հետ Հայաստանում աշխատելը", - ասաց "Մայքրոսոֆթի" Կենտրոնական և Արեւելկան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Վահե Թորոսյանը: "Մայքրոսոֆթը" երեւանյան իր գրասենյակը բացեց 2006 թ. մայիսին, եւ ես շատ ուրախ եմ, որ հինգ ամիս անց մենք ստորագրում ենք մեր առաջին "Ձեռնարկությունների միջև համագործակցության" պայմանագիրը, ինչը խթան է հանդիսանում մեր որոշման համար` ներդրումներ կատարել Հայաստանում", - ասաց նա: "ՎիվաՍելը" կարեւորում է ձեռնարկության տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի ստանդարտիզացումը: "Մայքրոսոֆթի" հետ եռամյա պայմանագրի ստորագրումը կնպաստի մեր ընկերության հաջողությանը: Այս պայմանագրի ստորագրումը պայմանավորված է նաեւ մտավոր սեփականության իրավունքը հարգելու "ՎիվաՍելի" վարած քաղաքականությամբ", - ասաց "ՎիվաՍելի" գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՙՍտանդարտիզացնելով ձեռնարկության տեղեկատվական համակարգը եւ ձեռք բերելով "Մայքրոսոֆթի" հուսալի եւ այդ կազմակերպության կողմից վերահսկվող ծրագրեր, "ՎիվաՍելն" ապահովագրում է իրեն կեղծ ծրագրերից եւ նվազագույնի է հասցնում իր անվտանգության և ապահովության հետ կապված ռիսկերը, որոնք սպառնում են կեղծ ծրագրերի օգտագործման դեպքում", - նշեց Ռալֆ Յիրիկյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7705