ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ են պատրաստվում, որոնց ընդունման դեպքում աշխատանքային գրքույկները գործածությունից դուրս կգան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը: Նրա փոխանցմամբ՝ նախագծի հաստատման դեպքում գործատուն այլեւս պարտավոր չի լինի վարել աշխատանքային գրքույկ, իսկ գործող գրքույկները, օրենքի ընդունումից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից կլրացվեն եւ կվերադարձվեն աշխատողին:Աշխատանքային գրքույկներին փոխարինելու կգա էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի գործունության եւ դրանից օգտվելու կարգը կհաստատի ՀՀ կառավարությունը:Աշխատանքային գրքույկից բացի՝ օրենքում կատարվելու են այլ փոփոխություններ: Մասնավորապես՝ ամբողջական ձեւակերպմամբ սահմանվել է «հատուկ» կամ «մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը:Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ փոփոխությամբ նախատեսվում է փորձաշրջան չսահմանել այն աշխատակիցների համար, որոնք տվյալ գործատուի մոտ անցել են ուսուցում:Օրենքի մեկ այլ կետով պարտադիր պահանջ կդառնան փորձաշրջանի պայմանների, ամենամյա արձակուրդի տեսակի եւ տեւողության մասին տեղեկությունը աշխատանքային պայմանագրում ամրագրելը:Փոփոխությունները կներառեն նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթներ՝ վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին համապատասխան: Մասնավորապես, սահմանվել են մինչեւ 14 տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլտվության ոլորտները, վերացվել մինչեւ 18 տարեկանների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատու իրավունքը եւ այլն:Նշենք, որ նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը եւ սահմանված կարգով ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը: Tweet Դիտում՝ 4148