Ադրբեջանի Կենտրոնական բանկը (ԱԿԲ) մտադիր չի փակել այն բանկերը, որոնց ընդհանուր կապիտալը չի համապատասխանում իր նորմատիվ պահանջներին: Ինչպես հայտնում է Trend-ը, այս մասին ասել է ԱԿԲ-ի նախագահ Էլման Ռուստամովը: 2015թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի չափի հետ կապված Կենտրոնական բանկի պահանջը սահմանվել է 50 մլն մանաթ (շուրջ $47 մլն): «ԿԲ-ն պայմանագրեր է կնքել այն բանկերի ղեկավարությունների հետ, որոնց ընդհանուր կապիտալը չի կազմում 50 մլն մանաթ: Նման իրավիճակում բանկերի փակումը կարող է բացասական ազդեցություն գործել շուկայի վրա: Մենք բանկերի հետ ստորագրել ենք կապիտալացման հատուկ ծրագիր, այնպես որ նրանք չեն փակվի եւ կշարունակեն գործունեությունը»,- ասել է Էլման Ռուստամովը: Ինչպես նշել է ԱԿԲ-ի ղեկավարը, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի բանկային հատվածում լուրջ խնդիրներ չկան, մասնավոր բանկային հատվածը լավ կապիտալացված է, ինչը թույլ է տալիս նրանց ինքնուրույն լուծել որոշակի խնդիրներ: Էլման Ռուստամովը նաեւ ասել է, որ պետք չէ լուրջ փոփոխություններ ակնկալել Ադրբեջանի փոխարժեքային քաղաքականության հարցում: «Նավթի կանխատեսվող գների եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների շրջանակում մենք մինչեւ տարեվերջ լուրջ փոփոխություններ չենք ակնկալում մանաթի փոխարժեքի հարցում»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 6515