Առաջիկա 5 տարում ԱԶԲ-ն $500 մլն կներդնի Հայաստանում

09.02.2015 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018 թթ. նոր ռազմավարությունը:

ԱԶԲ հայաստանյան առաքելության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոր ռազմավարությունը միտված է «ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը` նպաստելու երկրի ճկուն, ընդգրկուն եւ կայուն զարգացմանը»:  

«Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱԶԲ-ն նախատեսել է մոտ $500 մլն-ի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ նպատակ ունենալով օժանդակել տրանսպորտի համակարգի բարելավմանը, աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգմանը եւ էներգետիկ անվտանգության հզորացմանը»,- ասել է Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը:

Ենթակառուցվածքների զարգացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հետ մեկտեղ՝ ԱԶԲ-ն գործունեության հիմնական ուղղվածությունը աստիճանաբար կբերի այս ոլորտներում մասնավոր հատվածի ներգրավվածությունը խթանելուն, մասնավորապես՝ փորձագիտական ծառայություններ տրամադրելուն:

«Հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակությունը եւ Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների առկա օժանդակությունը, ԱԶԲ-ն մեծ ներգրավվածություն չի նախատեսի ֆինանսների, առողջապահության եւ կրթության ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում:

Տրանսպորտի ոլորտում ԱԶԲ-ն կշարունակի աջակցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի աշխատանքների իրագործմանը, նաեւ երկրորդային, մասնավորապես աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների միջեւ տրանսպորտային կապերի ամրապնդմանը: Երկրի տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման նպատակով ԱԶԲ-ն կաջակցի Հայաստանը եւ հարեւան Վրաստանը միմյանց կապող ճանապարհների զարգացմանը:

ԱԶԲ-ն կաջակցի աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների զարգացմանը` օգնելով տեղական կառավարման մարմիններին նախագծել համակարգված հատակագծեր եւ ֆինանսավորելով ենթակառուցվածքների արդիականացմանն անհրաժեշտ ներդրումները` ներառյալ ջրամատակարարման, քաղաքային ճանապարհների եւ կոշտ թափոնների կառավարման ոլորտները:

«Հայաստանի էլեկտրաէներգիայի մաշված ենթակառուցվածքը եւ մեծ կախվածությունը ներկրվող հանածո վառելիքից թուլացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը: ԱԶԲ-ն կօժանդակի այս խնդրի լուծմանը`աջակցելով երկրի վերականգնվող էներգետիկ ռեսուրսների զարգացմանը եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն ու արդիականացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 6464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW