Ապրանքների գներն ու դրամի փոխարժեքը կայունացել են. այս մասին այսօր կառավարության նիստին զեկուցել է փոխվարչապետ, ստեղծված ֆինանսական շուկայի իրավիճակի ուսումնասիրման խմբի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:«Այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման եւ վաճառքի տարբերությունը կազմում է 3-5 դրամ, որը մեր փոխարժեքի կետերում ընդհանրապես եղած պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ ամսի 16-17-ին փակված էր եւ չէր գործում, որովհետեւ սպասումներ կային: Այժմ այդ բոլոր խանութները վերադարձել են գործունեության»,- զեկուցել է Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ ապրանքները վաճառվում են հստակ գներով եւ տատանման ենթակա չեն: Վկայակոչելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա դիտանցման արդյունքները՝ Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ խոշոր խանութներում եւս գները նվազել են եւ կրկին ունեն կայունացման միտում: Նա հավելել է, որ նույն իրավիճակն է նաեւ գազի լցակայանների եւ այլ ոլորտներում:Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ՝ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս դառնան փոքր:«Այժմ կարող եմ ուղղակի փաստել, որ թե՛ գների, թե՛ փոխարժեքի տեսակետից ունենք կայուն իրավիճակ եւ մասնավորապես փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման եւ վաճառքի գների տարբերությանը, ստադարտի մեջ է, որ միշտ եղել է, երբ որ շուկան եղել է կայուն»,- ասել է փոխվարչապետը: Tweet Դիտում՝ 1901