ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ Ֆանդր.ամ ընկերությունն այսօր գործարկել են fundr.am հանրադրամային (crowdfunding) վեբ հարթակը: ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի տնօրեն Գարեգին Գեւորգյանի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ հարթակը մեկ շաբաթական է, այնուամենայնիվ, այնտեղ արդեն իսկ ներկայացված են մի շարք ծրագրեր: «Դրանց քանակն աստիճանաբար կավելանա: Նշեմ, որ մինչեւ հարթակում տեղադրվելը նախագծերը զտվում են եւ ներկայացվում են միայն նրանք, որոնք երկարակյաց են»,- ասել է Գարեգին Գեւորգյանը: Նա նշել է, որ գործարկված հարթակը միջավայր է, որտեղ ոչ եկամտաբեր կամ թեթեւ եկամտաբերություն ունեցող, բայց միաժամանակ կարեւոր սոցիալական ծրագրերը կյանքի կոչվելու հնարավորություն կստանան՝ բազմաթիվ մարդկանց տրամադրած գումարների միջոցով: Գարեգին Գեւորգյանի խոսքով, հարթակը բացի սոցիալական բնույթ կրելուց, նաեւ բիզնեսի տեսանկյունից է նպաստավոր լինելու: «ՍԵՖ Ինտերնեյշնլը kiva.org հարթակի հետ երկարատեւ համագործակցության փորձ ունի, որի ընթացքում $6 մլն ներդրումներ է բերել Հայաստան: Ներկայումս փորձ է արվում նույն հաջողությունը կրկնել արդեն տեղական crowdfunding հարթակի միջոցով»,- ասել է ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ-ի սեփականատեր, Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության Միջին Արեւելքի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Փոլ Էլիոթը: «Աշխարհում բազմաթիվ crowdfunding հարթակներ կան: Բայց կարեւոր է այն հանգամանքը, որ այսօր գործարկվում է նման հայալեզու հարթակ: Վստահ եմ, որ այն նոր շունչ կհաղորդի Հայաստանի ֆինանսական հատվածին»,- ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Տնտեսական աճի գրասենյակի ղեկավար Ջեֆրի Բայաջյանը: Հարթակի գործընկերներն են Կոնվերս Բանկը, Ռոսգոսստրախ Արմենիան եւ ԱՄՆ ՄԶԳ-ն: Tweet Դիտում՝ 5860