Հոկտեմբերի 3-ին Տավուշի մարզի Այրում համայնքում տեղի է ունեցել «Այրում Ֆրութս» միրգ-հատապտուղների վերամշակման արտադրամասի պաշտոնական բացումը: Ծրագրի բիզնես պլանավորման, նախագծի կառավարման եւ իրականացման պատասխանատու է հանդիսացել «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) հայաստանյան խորհրդատվական ընկերությունը:Ինչպես հայտնել են BSC-ում, արտադրամաս կառուցելու գաղափարին աջակցել է ՕՔՍՖԱՄ-ի «Ձեռնարկությունների զարգացման ծրագիրը», որի նպատակն է օգնել սահմանամերձ համայնքի փոքր ֆերմերներին համայնքային բիզնես հիմնադրելու եւ վարելու հարցում: Արտադրամասը կառավարվում է ՕՔՍՖԱՄ-ի եւ «Բի Էս Սի»-ի աջակցությամբ հիմնադրված «Լճկաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի եւ նրա կողմից ստեղծված «Միրգ» ՍՊԸ-ի միջոցով: 1,200 ք.մ. տարածքով արտադրամասը կապահովի ավելի քան 60 աշխատատեղ համայնքի հատկապես կին բնակիչների համար, ինչպես նաեւ կայուն մթերման շուկա՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի 10 գյուղական համայնքների առնվազն 2,000 բնակիչների համար:Նախնական շրջանում արտադրամասը նախատեսում է վերամշակել տարեկան մոտ 300 տոննա միրգ եւ հատապտուղ` արտադրելով մուրաբաներ, ջեմեր եւ կոմպոտներ, որոնք հիմնականում կարտահանվեն ԱՊՀ երկրներ:Հանդիսանալով ՕՔՍՖԱՄ Հայաստանի ռազմավարական գործընկերը` BSC-ն ընթացիկ աշխատանքները համակարգելուն զուգահեռ իրականացրել է նաեւ արտադրամասի աշխատակիցների կարողությունների հզորացում: Վերապատրաստման շնորհիվ արտադրամասի աշխատակիցները այժմ լիակատար տիրապետում են արտադրամաս գործարկելու համար անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական հմտություններին:Ինչպես նշել է ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, արտադրամասը սոցիալական ձեռնարկության օրինակելի մոդել է: Ծրագրի շնորհիվ համայնքում կակտիվանա բիզնես միջավայրը, կստեղծվեն նոր աշխատատեղեր եւ կզարգանա համայնքի սոցիալ-տնտեսական կյանքը: Բացի այդ, ծրագրի համաձայն` «Լճկաձոր» կոոպերարտիվն իր ձեռնարկության եկամուտների մի մասը կուղղի նաեւ համայնքի սոցիալական խնդիրների լուծմանը:Գործարանի կառուցումն ու սարքավորումների վերազինումն իրականացվել է ՕՔՍՖԱՄ-ի նախաձեռնությամբ, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի եւ «Նոր Հորիզոն» վարկային կազմակերպության գործընկերությամբ, Orange Հիմնադրամի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, G2IA, CARE կազմակերպությունների և Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:ՕՔՍՖԱՄ Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող մեկ այլ զարգացման ծրագրի մասին «Բի Էս Սի»-ի տնօրեն Սամվել Գեւորգյանը վերջերս պատմել էր Banks.am-ին տված հարցազրույցում: Tweet Դիտում՝ 6443