Տիգրան Դավթյան. «Թիվ մեկ նախասիրությունս աշխատանքն է»

26.11.2012 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Կոնվերս բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Տիգրան Դավթյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Պարոն Դավթյան, աշխատանքի բերումով փողկապը Ձեր հագուստի կարեւոր բաղադրիչների թվում է. փոխկապ ընտրելիս ո՞ր գույներն եք նախընտրում:

- Գործարար աշխարհում ընդունված է փողկապը համարել գործարար մարդու անբաժանելի ատրիբուտներից մեկը: Փողկապի ընտրության հարցում նախընտրում եմ վառ, ժամանակակից, վերնաշապիկին եւ կոստյումին համապատասխան գույներ: Քանի որ շաբաթվա գրեթե 7 օրը պետք է փողկապով անցկացնել, ապա այդ գույները պետք է լինեն բազմազան: Հիմնականում դրանք ես եմ ընտրում, օգնում է  կինս, իսկ ընկերներս, իմանալով, որ ես փողկապ շատ եմ սիրում, նվիրում են:

- 2009-ից Կոնվերս բանկի գործադիր տնօրենն եք: Ի՞նչ դրական տեղաշարժեր եք գրանցել բանկի աշխատանքում Ձեր ղեկավարման օրից մինչ օրս:

- Բանկն այս տարիների ընթացքում ամբողջությամբ ոճափոխվեց, ինչը կապված էր ոչ միայն ճաշակի եւ գունային գամմայի, այլեւ բանկի փիլիսոփայության հետ: Մենք դարձանք բանկ բոլորի համար: Բարձրացվեց հաճախորդների սպասարկման որակը:  Քաղաքականության առումով մենք նախընտրեցինք լինել մանրածախ բանկ` պահպանելով ունիվերսալ բանկի հատկանիշները: Եթե խոսելու լինեք զուտ ցուցանիշներից, ապա երեք տարվա ընթացքում մենք վարկային պորտֆելի շեշտակի աճ ենք գրանցել, ունեցել ենք ակտիվների շեշտակի աճ, քարտերի աճ` մի քանի անգամ, փորձել ենք պահպանել բանկային համակարգում նորարարության առաջատարի դիրքերը:  

Միայն այս տարեսկզբից մինչ օրս մենք ներդրել ենք մոտ 13 պրոդուկտ, որոնցից մի քանիսը եղել են ունիկալ` բանկային համակարգում առաջինը: Ցուցանիշներով չլինելով առաջին եռյակում` մեզ համար կան որոշակի առաջնահերթություններ, որտեղ փորձում ենք լինել առաջին տեղում:

Այս ընթացքում ներդրվեցին աշխատակիցների խրախուսման նյութական եւ ոչ նյութական համակարգերը, վերանայվեցին աշխատավարձերը, որով աշխատակիցների մոտիվացիան շեշտակիորեն աճեց: Եթե 2-3 տարի առաջ մենք ունեինք աշխատակիցների հոսունության խնդիր, ապա այսօր բանկային համակարգից մեզ մոտ կա ներհոսք, Կոնվերս բանկն այսօր դարձել է լավագույն գործատուներից մեկը, որտեղ աշխատակիցը  նյութապես եւ հոգեպես իրեն լավ է զգում. իմ կարծիքով, դա ամենակարեւորն է:

Երբ ստանձնեցի պաշտոնս, նպատակ ունեի վերանայել այս ամենը: Այն, ինչ նշված էր զարգացման ռազմավարական ծրագրում, արդեն գերակատարվել է, ընդ որում, շատ ծանր` հետճգնաժամային իրավիճակում:

- Շատերն են ձգտում բանկի տնօրեն լինել: Հե՞շտ է նման է կառույց ղեկավարելը:

- Դրսից ամեն ինչ շատ գեղեցիկ է թվում, իրականում բանկի տնօրենի կյանքը շաբաթը 7 օր, 24 ժամ աշխատանքն է: Իմ աշխատանքային օրը տեւում է 12-14 ժամ, ինչը շատ լարված է լինում: Ստիպված պետք է օրը բաժանես այնպես, որպեսզի կարողանաս արագ լուծել իրավիճակային հարցերը: Սա է բանկիրի առօրյան:

Բայց ես ապրում եմ իմ աշխատանքով, դրանից հաճույք եմ ստանում:

- Հայաստանի բանկային շուկան ինչպե՞ս կգնահատեք:

- Համեմատելով տարածաշրջանային շուկաների հետ` կարող եմ ասել, որ հայաստանյան բանկային համակարգն այսօր լավագույն, լավ կարգավորված ու հուսալի բանկային համակարգերից է: Համեմատեք ԽՍՀՄ նախկին երկրներից յուրաքանչյուրի բանկային համակարգի հետ. ինչ-որ կետում այնտեղ խնդիրներ են առաջացել, իսկ մեզ մոտ արդեն 10 տարուց ավելի է` ոչ մի բանկի հետ խնդիր չի եղել, բանկերը բավականին վստահություն են ձեռք բերել ժողովրդի մոտ:

Կենտրոնական բանկի գրագետ քաղաքականությունը բերեց նրան, որ այսօր ՌԴ-ն բանկային վերահսկողության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկից շատ անգամ խորհուրդ է հարցնում, թե մենք ինչպես ենք հասել այս ցուցանիշներին կամ մակարդակին: Բացասական կողմը, որի վերաբերյալ իմ գործընկերները կարող են չհամաձայնել ինձ հետ, բանկերի մեծ թիվն է ու դրանց փոքր լինելը: Այսօր 20-21 բանկը Հայաստանի համար մեծ թիվ է, իմ կարծիքով, պետք է ունենանք 10-12 բանկ, որոնք կլինեն ավելի խոշոր: Իհարկե, աճելու դեռ շատ տեղ ունենք, բայց, ընդհանուր առմամբ, համակարգի կայունության եւ վստահության առումով գնահատում եմ բավարար եւ նույնիսկ գերազանց:

- Որքան գիտեմ, նաեւ դասավանդում եք: Ի՞նչ լիցքեր եք ստանում դասախոսի ամբիոնից:

- Գիտությունների թեկնածու եմ, դոցենտ, դասավանդում եմ շուրջ 18 տարի, այդ ընթացքում երբեք չեմ թողել դասախոսի աշխատանքը, նույնիսկ նման ծանրաբեռնվածության ժամանակ մեկ ակադեմիական ժամ պահպանում եմ: Ժամանակի սղության պատճառով այժմ դասավանդում եմ միայն Սլավոնական համալսարանում: Երիտասարդների հետ շփումը մեծ էներգիայի ներհոսք է:

Դասավանդման ընթացքում դասախոսը պետք է աշխատի իր գիտելիքների վրա, անընդհատ թարմացնի դրանք: Ես ինձ չեմ ների, եթե դասախոսության ժամանակ ուսանողի կողմից հնչի մի հարց, որին ես պատրաստ չլինեմ պատասխանել: Դա ստիպում է անընդհատ աշխատել ինքդ քեզ վրա, միշտ պատրաստ լինել ուսանողի բազմազան մասնագիտական հարցերին: Ուսանողների հետ շփումը հետաքրքիր է, երիտասարդացնում է: Ես միշտ վերցնում եմ մագիստրոսական ծրագիր, քանի որ մագիստրոսներն ավելի հասուն են, շփումը նրանց հետ ավելի հետաքրքիր է, շատ հաճախ դասախոսությունները վերածում եմ դեբատների` ուսանողներին «ստիպելով» արտահայտվել, կիսվել իրենց մտքերով:

- Իսկ խի՞ստ դասախոս եք:

-Այո: Բայց երբեք ոչ մեկին չեմ կտրել քննությունից: Այս 18 տարիների ընթացքում չի եղել մի դեպք, երբ իմ պատճառով ուսանող դուրս մնա  բուհից: Իմ կրեդոն հետեւյալն է` ես ունեմ գիտելիքներ, որոնք ուզում եմ կիսել ձեզ հետ: Եթե Դուք եկել եք սովորելու, ուրեմն պատրաստ պետք է լինեք դրանք ընդունել: Ուզո՞ւմ եք կիսվեմ դրանցով, խնդրեմ, եթե ոչ, ապա ինչո՞ւ եք եկել:

Երբեք ոչ մեկի չեմ ստիպել ներկա լինել իմ դասերին, ներկա-բացակա չեմ արել: Առարկան այնքան բազմազան ու հետաքրքիր պետք է լինի, որ ուսանողը ցանկանա դա լսել:

- Աշխատանքի բերումով երիտասարդների հետ շատ եք շփվում: Ինչպիսի՞ սերունդ է  այսօր մեծանում:

- Բազմազան: Վերջերս նկատվում է մի միտում, որն ինձ համար շատ ցավալի է. որոշ երիտասարդների մոտ հետաքրքրության շրջանակը փոխվել է: Եթե 10 տարի առաջ հետարքրքությունը գիտության նկատմամբ էր, ապա այսօր շատերի հետաքրքրության կենտրոնում մեքենաներն են, բջջային հեռախոսները, հագուստը. կրթությանն ավելի քիչ տեղ են տալիս: Վերջին տարիներին նկատվող եւս մեկ ցավալի տենդենց է հանրակրթության ցածր մակարդակը: Եթե նախկինում անեկդոտներ էինք պատմում արեւմտյան կրթության մասին եւ ասում, որ նրանք նեղ զարգացվածություն ունեն, այսօր, ցավոք սրտի, այդ նույնը նկատվում է մեր երիտասարդների մոտ: Բայց կան նաեւ բացառիկ փայլուն երեխաներ, միգուցե 10 տարի առաջ նման զարգացվածության մարդ չկար: Այն մարդը, որը ցանկություն ունի ինքն իր վրա աշխատելու, այսօր ունի այդ հնարավորությունը:

- Ձեր բանկը պարբերաբար կազմակերպում է տարբեր միջոցառումներ` հանդես գալով ջազ, ռոք եւ այլ տիպի երկխոսությամբ. Դուք ինչպիսի՞ երկխոսության կողմնակից եք:

- Եթե խոսենք երաժշտության մասին, նախընտրություններ չունեմ: Սիրում եմ դասական, փոփ երաժշտություն, չեմ սիրում ծանր ռոք: Իսկ երկխոսություններ սիրում եմ հաճելի զրուցակից ունենալու դեպքում: Եթե զրուցակիցը հետաքրքիր է, իր հետ յուրաքանչյուր զրույց կկայանա:

- Պարոն Դավթյան, շուրջ երկու շաբաթ առաջ Ձեր ընտանիքում համալրում տեղի ունեցավ, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Պատասխանատու աշխատանքին զուգահեռ կարողանո՞ւմ եք ընտանիքին լիարժեք ժամանակ տրամադրել:  

- Շնորհակալ եմ: Փոքր աղջիկս ծնվել է երկու շաբաթ առաջ, իսկ մեծ աղջիկս 4 տարեկան է: Կինս հիմա մայրական խնամքի արձակուրդում է, աշխատում է մրցակից բանկերից մեկում:   

Ցավոք, շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել նրանց: Ընտանիքս բողոքում է, մեծ աղջիկս՝ կարոտում: Փորձում եմ երեկոյան գոնե մի քանի րոպե ժամանակ անցկացնել նրա հետ, իսկ կիրակի օրերին ոչինչ չպլանավորել, նվիրել ընտանիքիս, շփվել նրանց հետ, զբոսնել, աղջկաս ինչ-որ տեղ տանել. դա կարծես հաջողվում է:  

- Ասացիք՝ Ձեր կինը մրցակից բանկերից մեկում է աշխատում: Տանը հաճա՞խ եք խոսում աշխատանքից, քննարկումներ կամ բանավեճեր ունենո՞ւմ եք:

- Քանի որ երկուսս էլ բանկային գաղտնիքի կրողներ ենք, փորձում ենք չխոսել այդ թեմայով, միմյանցից բանկային գաղտնիք չկորզել: Բանավեճեր գրեթե չեն լինում, բայց կարող է ուղղակի քննարկումներ լինեն այս կամ այն թեմայի շուրջ:

- Ինչպե՞ս եք կազմակերպում հանգիստն ընտանիքի հետ:

- Եթե ժամանակը թույլ է տալիս, ապա սիրում եմ ճամփորդել, ավելի քիչ ժամանակի դեպքում՝ զբոսնել, ամենաքիչ ժամանակի դեպքում` նվիրել աղջկաս, որեւէ գիրք կարդալ նրա հետ, նամանավանդ, որ նա սիրում է դա:

- Եթե հիմա մեկ շաբաթ արձակուրդ գնալու հնարավորություն ունենայիք, ինչպե՞ս կանցկացնեիք այն:

- Քանի որ տանն այժմ կա նորածին երեխա, դժվար է խոսել ճամփորդության մասին: Կանցկացնեի տանը` ընտանիքի հետ, եթե երեխաներս մի քիչ ավելի մեծ լինեին, կնախընտրեի Հայաստանից դուրս որեւէ տեղում հանգիստ ունենալը. դա հնարավորություն կտար կտրվել ամեն ինչից:

- Տղամարդիկ խոհանոցում հազվադեպ են լինում, իսկ լինելուց համեղ են պատրաստում: Ձեզ խոհանոցը հետաքրքրո՞ւմ է:

- Այո: Եթե ժամանակ է լինում, պատրաստում եմ: Սովորաբար պատրաստում եմ կերակրատեսակներ, որոնք կապված են մսի հետ: Շաբաթ-կիրակի օրերին փորձում եմ ինչ-որ բան պատրաստել:

- Իսկ ի՞նչ նախասիրություններ ունի Տիգրան Դավթյանը:

- Ցավոք, աշխատանքը նախասիրությունների համար ժամանակ չի թողնում: Այսօրվա իմ թիվ մեկ նախասիրությունն աշխատանքն է, բանկը, բանկի աշխատակիցները: Աշխատանքից դուրս երկրորդ նախասիրությունն ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է, մեծ աղջկաս հետ զբաղվելը, փոքրը դեռ նորածին է: Սիրում եմ նաեւ սպորտը, որին շատ քիչ ժամանակ է մնում:  Ձմռանը՝ կիրակի օրերին, սիրում եմ դահուկային սպորտով զբաղվել:

- Այսօր տարածված սովորություն է մեքենան, հեռախոսը կամ ժամանակակից տեխնիկայի այլ միջոցները հաճախակի փոխելը: Դուք նման սովորություն ունե՞ք:

- Քանի որ 12-14 ժամ բանկում եմ, ապա սեփական մեքենայի կարիք ուղղակի չի էլ լինում: Մեքենա վարում եմ դպրոցական տարիքից: Վերջին մեքենան վաճառեցի, քանի որ ավտոտնակում օրերով ու ամիսներով տխրում էր առանց ինձ, կիրակի օրերին, որպեսզի շատ չկարոտի, մեկ ժամ վարում էի: Ինքս մեքենա սիրում եմ, բայց նախընտրում եմ հարմարավետ, ոչ թե ժամանակակից մեքենան: Տեխնիկայի հետ կապված նախընտրում եմ բոլոր այն սարքավորումները, որոնք գործնականում պիտանի են, նախընտրություն չեմ տալիս ինչ-որ բրենդի: Այսօր բոլորը գնում են ժամանակից հեռախոս, վճարում բավական մեծ գումար, բայց օգտագործում միայն որպես հեռախոս: Ես նախընտրում եմ ֆունկցիոնալ հեռախոս, որը թույլ կտա ստուգել էլ. փոստը եւ այլն:

Բիզնես աշխարհում ընդունված է ուշադրություն դարձնել կոստյումին, փողկապին, ժամացույցին եւ գրչին. սրանք բիզնեսի ատրիբուտներ են, որոնց շատ ժամանակ կարող են ուշադրություն դարձնել: Հիմա այդ շարքի մեջ մտավ կարծես նաեւ հեռախոսը: Շատ ժամանակ բիզնես-աշխարհի մեծ հանդիպումների ժամանակ կարող են ուշադրություն դարձնել, թե ինչ մեքենայով եկավ, ինչ կոստյում էր հագին, ինչ հեռախոս էր ձեռքին եւ այլն:

- Ինչպիսի՞ երկրում կուզենայիք, որ ապրեն Ձեր երեխաները:

- Միանշանակ, Հայաստանի Հայրապետությունում. ես իրոք սիրում եմ հայրենիքս,  եթե չսիրեի, ժամանակին հետ չէի վերադառնա: Ինքս երկար տարիներ սովորել, աշխատել եմ Մոսկվայում, հետո հայրենիքի կանչով վերադարձել: Իհարկե, կուզենայի Հայաստանը շատ առումներով ավելի լավը լիներ, քան այսօր է: Հուսով եմ,  երբ երեխաներս հասնեն չափահասության տարիքի, արդեն կապրենք մեր երազած Հայաստանում:

Տիգրան Դավթյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Դիտում՝ 12894
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW